Տնտեսություն

Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել. ՏՄՊՊՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել. ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել, սակայն դրանք խոշոր դեղատնային ցանցերում շուտ սպառվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ալկոգելի հետ կապված երեկ հանդիպում եմ ունեցել ներքին արտադրողների հետ: Օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ խոշոր դեղատնային ցանցերը առավոտյան ստանում են, և դա շատ արագ վերջանում է »,-ասաց Գևորգյանը:

Նա նշեց՝ թեև չեն կարող ասել, թե սպառումը որքան է, սակայն իրենց հաշվարկներով արտադրվող քանակը բավականացնում է: Նաև պահեստավորված խմբաքանակ կա: Նրա խոսքով՝ դեղատներում ալկոգելի գնային փոփոխություն չկա:

Գևորգյանը կարծում է, որ այս պահին Հայաստանում ախտահանող նյութերի դեֆիցիտ չկա: «Խնդիրը նրանում է եղել, որ արտադրողները չէին կարող պատկերացնել, որ այդ ծավալի պահանջարկ կլինի: Սակայն շատ կարճ ժամկետում կարողացան արտադրական ծավալի մեջ փոփոխություն անել: Եվ այսօր 3 տնտեսավարող սուբյեկտ կարողանում է այդ ծավալի արտադրել»,-ասաց նա ու նշեց՝ ալկոգելի արտադրության գլխավոր հումքը ևս արտադրվում է Հայաստանում:

Աշխարհում կորոնավիրուսի ռիսկի ի հայտ գալուց ի վեր ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեղատներում բժշկական դիմակների պակաս նկատվեց, որոշներում առհասարակ բացակայում էին, որոշներում վաճառվում սահմանափակ թվով և շատ ավելի բարձր գնով: ՏՄՊՊՀ-ն տնտեսավարողներին հորդորել էր անհարկի թանկացումներից խուսափել: Այս պահին շատ դեղատներում ալկոգել ևս չկա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում