Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կանայք պետք է առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան. Փաշինյանի Մարտի 8-ի ուղերձը

Կանայք պետք է առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան. Փաշինյանի Մարտի 8-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։ Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 8-ի առիթով հղած շնորհավորական ուղերձում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է .

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ: 

Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ, այլև ևս մեկ անգամ արձանագրելու օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ: Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը:

Ցավոք, կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ մեր հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչը անթույլատրելի և անընդունելի է, առավելևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում: Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը:

Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։ Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է:

Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում այսօր հաջողված գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք և իմ պատկերացմամբ՝ նրանց թիվը գնալով ավելի պիտի մեծանա։ 

Սիրելի՛ կանայք,

Մեր կառավարությունը հետամուտ է լինելու ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրների լուծմանն ու նախաձեռնելու է այնպիսի ծրագրեր, որոնք առավել հնարավոր են դարձնելու ձեր ներուժի լիարժեք իրացումը թե՛ ընտանիքում և թե՛ հանրային կյանքում։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նորանոր նախաձեռնություններ և ընտանեկան ջերմություն»,- նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am