Մշակույթ

Մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին հետաքրքիր գրական հավաքածուներով մասնակցում են մի շարք հրատարակչություններ և գրատներ, որոնք գրքերը վաճառում են զեղչված գներով: Տոնավաճառի շրջանակում նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, կինոդիտումներ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տոնավաճառ-ցուցահանդեսը բացվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին:

«Ամեն տարի փորձում ենք ավելի գրավիչ նախաձեռնություններով հանդես գալ: Այս անգամ միջոցառման շրջանակում 2019 թվականին Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի դեռևս չհանրայնացված մրցանակակիրների աշխատանքների ինտերակտիվ քննարկումներ ենք կազմակերպել գրադարանի տարբեր սրահներում, կազմակերպում ենք նաև «Նվեր զինվորին» ակցիան, տարվա հոբելյարներին ենք հիշելու կինոդիտումների, քննարկումների միջոցով»,-ասաց տոնավաճառի համակարգող Գայանե Կարապետյանը:

Նա հավելեց, որ նախատեսվում են նաև մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթների ընթերցումներ և այլն:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեցրեց, որ Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև Գիրք նվիրելու օրը: «Տոնը տարածում է ստացել նաև արտերկրում`Վրաստանում, Լիբանանում: Այդ առիթով միության անդամները հանդիպում են դպրոցների աշակերտների հետ, գրքեր նվիրում նրանց և անցորդներին: Այսպես ցանկանում ենք գիրքը դեպի մարդը տանել և հիշեցնել, որ մարդը նույնպես պետք է մոտենա գրքին: Կարծում եմ` գիրքը պետք է ամենալավ նվերը դառնա յուրաքանչյուր լավ առիթի դեպքում»,- շեշտեց նա:

Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ փոքրիկներ, որոնց ձեռքին Հովհաննես Թումանյանի գրքերն էին: Իննամյա Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ շատ է սիրում «Անխելք մարդը», «Պոչատ աղվեսը», «Խոսող ձուկը» և այլ հեքիաթներ: Դավիթը նշեց, որ դիտել է Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, որոնք նույնպես շատ հավանել է:

«Անահիտ», «Պոչատ աղվեսը» և «Ոսկե ձկնիկը» ստեղծագործությունների երկրպագու Խորեն Սարգսյանն էլ ասաց, որ գրքեր շատ է սիրում և անպայման նոր գիրք է գնելու, բայց չի պատրաստվում նվիրել փոքր քրոջը, քանի որ վերջինս կպատռի այն: «Նա երեք տարեկան է ու կարող է փչացնել գիրքը»,-խոստովանեց Խորենը:

Տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Դարակ», «Ջի Էս Էմ» և մի շարք այլ հրատարակչություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում