Կառավարությունը քննարկում է տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանում տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին:
«Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում օրենսդրությամբ արգելված չէ, և կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս նման տեսակի արտադրանքի արտադրությունը: Քննարկումներ սկսել են իրականացվել նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան, և ինչ արտադրանք ստանալու համար նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Ավինյանը: