Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համտեսել իշխան, այցելել համերգ. 105-ամյա Նուրհան Ժոզեֆովիչն իր համար բացահայտում է Հայաստանը

Համտեսել իշխան, այցելել համերգ. 105-ամյա Նուրհան Ժոզեֆովիչն իր համար 
բացահայտում է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի քաղաքացի 105-ամյա հայազգի Նուրհան Բողոսի Ժոզեֆովիչն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է: Որոշել է կյանքի մնացած հատվածը ոչ միայն Հայաստանում անցկացնել, այլև ստանալ ՀՀ քաղաքացիություն: 

«Հայաստան եկել եմ առաջին անգամ: Ցավոք, աշխատանքային տարիներս այնպես դասավորվեցին, որ չկարողացա այդ ընթացքում լինել Հայաստանում: Ինչպես ասում են, երբեք ուշ չէ, մեծ սիրով եմ եկել և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նուրհան պապը:

Նուրհան Ժոզեֆովիչը ծնվել է 1915 թվականին Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետև տեղափոխվել Անկարա: Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Ժոզեֆովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, և պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Ժոզեֆովիչն աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:

Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ և բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են, և այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ: 

Լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը Սփյուռքից Հայաստան եկած բարեկամներին, ընկերներին, ծանոթներին փաստաթղթերի հարցում խորհրդատվական կարգով հաճախ է աջակցում: Հերթական խորհրդատվությունը Նուրհան Ժոզեֆովիչի՝ իր քեռու համար էր: Նրա՝ ՀՀ քաղացիություն ստանալու դիմումն արդեն ներկայացված է, սպասում են անձնագրին ու եղանակների տաքանալուն, քանի որ շտապում են իրագործել Հայաստանը բացահայտելու ծրագրերը:

«Նուրհան պապը շատ է սիրում ջուրը, ծովը: Հետևաբար, նախատեսում ենք այցելել Սևան, որպեսզի բացահայտենք այդ լճի գեղեցկությունը: Դե, իհարկե, այն պետք է ուղեկցվի Սևանի իշխանի համտեսմամբ: Նա նաև դասական երաժշտության սիրահար է, այնպես որ, առջևում նաև նման համերգներ հաճախելն է»,-ասաց  Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Նուրհան պապը գոհ է իր համար կազմված ծրագրերից, անհամբեր սպասում է տաք եղանակներին:

«Ուզում եմ, որ Հայաստանը միշտ առաջ գնա: Ցավոք, հայրենիքում աշխատանք գտնելու դժվարության պատճառով այսօր շատ հայեր դրսում են: Լավ կլիներ, որ այստեղ իրավիճակը փոխվեր, և հայերը վերադառնային: Տեսնենք, թե նոր կառավարությունն ինչ կանի»,-հավելեց Նուրհան պապը:

Աննա Գզիրյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am