Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է  
ավանդական «Ծաղկահավաք»-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ:

Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները:

«Արալեզ»  բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից Սյուզաննա  Պետրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Իսկ ծաղիկների մնացած մասերով պատրաստվում է պարարտախառնուրդ: Ծաղկահավաքին զուգահեռ իրականացվում  է թղթի վերամշակման գործընթաց: Տեղում մասնակիցները  կարող են ծանոթանալ նաև թղթի վերամշակմանը և փորձել 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին»,-ասաց Սյուզաննա  Պետրոսյանը:

Նա նշեց, որ ծաղկաթերթիկներից ստացված թղթերը դառնում են «դեսպաններ», քանի որ հետագայում դրանց վրա ձեռագրով գրվում է Հայոց ցեղասպանության մասին և ուղարկվում է տարբեր երկրներ:

«Այս տարի առաջին անգամ կարմիր ժապավենի վրա ծաղկաթերթիկներով հավաքվելու է հայկական տարազի գոգնոցային հատվածի նախշազարդը: Իսկ վարդերի ցողունների մի մասն էլ տնկվելու են ու  հետագայում, երբ  դրանք աճեն, կտեղափոխվեն և կվերատնկվեն  Եռաբլուրում»,-նշեց նա:

«Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը նշեց, որ կազմակերպության  անդամները կամավորներ են, ովքեր ծրագրերն իրականացնում են առանց որևէ շահ հետապնդելու: «Ծաղկահավաք»-ին մասնակցել են տարբեր երիտասարդական կազմակերպությունների  ներկայացուցիչները, դպրոցականներ,  ուսանողներ և կամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am