Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել 
ավելորդ զգուշավորություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն հորդորում է Հայաստանում Չինաստանի քաղաքացիների հանդիպելիս չցուցաբերել ավելորդ զգուշավորություն, նրանց չպատճառել անհարմարություն, վստահ լինել, որ կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու նպատակով անհրաժեշտ գործողությունները կատարվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ կա՝ չնայած Հայաստանն այս առումով համարվում է ցածր ռիսկային գոտի: Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցառումներ այստեղ ևս իրականացվում են: Կատարվում են ուժեղացված հետազոտական աշխատանքներ: Վարակի ռիսկ ունեցող բոլոր քաղաքացիներն անցնում են հետազոտություն, որն ինչ-որ չափով կանխարգելում է ռիսկի տարածումը Հայաստանում: Ուզում եմ հորդորել ծառայություն մատուցող և առհասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք երբևէ կառնչվեն ՀՀ մուտք գործած Չինաստանի քաղաքացիների հետ, ավելորդ զգուշավորություն չցուցաբերել, վստահ լինել, որ անհրաժեշտ գործողությունները կատարվում են և անհարմարություն չպատճառել մեր հյուրերին»,-ասաց Սաֆարյանը:

Կոմիտեն չինացի զբոսաշրջիկներից այս օրերին զգուշավոր վերաբերմունքի վերաբերյալ կոնկրետ բողոքներ չի ստացել, այնուամենայնիվ, եղել են խոսակցություններ: Սաֆարյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է պետական մակարդակով, հնարավոր բոլոր ռիսկերը կանխարգելվում են, Չինաստանից զբոսաշրջային այցելությունները վերահսկվում են երկրի ողջ տարածքում: «Հետևաբար, որևէ այլ վտանգ չկա: Եթե վտանգի ռիսկ առկա լիներ, տվյալ մարդիկ քաղաքի այդ հատվածում կամ մարզում չէին լինի»,-ասաց նա:

Սաֆարյանը նաև հորդորեց առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց և տուրփաթեթներ վաճառելուց:

Նա նշեց՝ ամենօրյա կտրվածքով Հայաստանում լինում են Չինաստանի քաղաքացիների այցեր: Սաֆարյանը նաև նկատեց, որ ռիսկը պայմանավորված չէ միայն Չինաստանի քաղաքացիներով, քանի որ այն տարածվել է արդեն այլ երկրներում:  

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվել է փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, որն իր առաջին նիստն անցկացրել է հունվարի 31-ին:

Նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ վիրուսի պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ: Վիրուսն արդեն տարածվել է նաև մի շարք այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]