Հասարակական

Չվող ջրային թռչունների տեսակների պահպանությունն առավել արդյունավետ կիրականացվի

2 րոպեի ընթերցում

Չվող ջրային թռչունների տեսակների պահպանությունն առավել արդյունավետ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն թույլ կտա Հայաստանի տարածքում հանդիպող չվող ջրային թռչունների տեսակների պահպանությունն իրականացնել առավել արդյունավետ:

ԱԺ նիստում ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը նշեց` «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակում, որը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է 2010-ի հոկտեմբերին: «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն է ներկայացնում:

«Համաձայնագիրն ընդգրկում է խոնավ տարածքներով հանդիպող 235 թռչունների տեսակները` անկախ դրանց բնապահպանական կարգավիճակից: Դրանցից Հայաստանում հանդիպում է 118 տեսակ: ՀՀ-ի համար Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրին միանալն ունի մի շարք առավելություններ: Հայաստանի տարածքում հանդիպող չվող ջրային թռչունների տեսակների զգալի մասը վտանգված է: Եվ դրանց պահպանությունը առավել արդյունավետ կլինի իրականացնել համաձայնագրի հովանու ներքո` ղեկավարվելով դրա գործողության ծրագրի դրույթներով»,-ասաց Ղափլանյանը:

Նա նշեց, որ համաձայնագրին միանալը թույլ կտա նաև երկիրը ներգրավել միջազգային համագործակցության մեջ և ներկայացնել Հայաստանը որպես առավել պատասխանատու երկիր, որն ապահովում է ջրային թռչունների չուն իր տարածքով: Համաձայնագրին միանալուց հետո Հայաստանը կընդլայնի իր հնարավորությունները` ստանալու դրամաշնորհներ` այդ թվում համաձայնագրի նոր ստեղծվող փոքր դրամաշնորհների հիմնադրամից, ԵՄ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի դրամաշնորհներից:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 115 «կողմ» ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում