Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելու կարիք չունի. Հովհաննես Մովսիսյան

Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելու կարիք չունի. Հովհաննես 
Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վստահ է, որ ներկայիս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, քանի որ ունի հանրային աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսիսյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննադատություններին, թե իբր ՊՈԱԿ-ը ֆեյք օգտատերեր ունի, մարդկանց առաջնորդում է, որ իշխանությանը հաճո մեկնաբանություններ թողնեն:

Մովսիսյանը նախ նկատեց՝ արդեն գրեթե մեկ տարուց ավելի է , որ նման մեղադրանքներ հնչում են: Նա նշեց՝ իրենք չեն արձագանքում, քանի որ, եթե ամեն ինչի արձագանքեն, չեն կարողանա իրենց աշխատանքն անել: «Բայց այդ թեզը դաշտ է գցվում կոնկրետ շրջանակների կողմից, կոնկրետ խնդիրների համար և նրանք փորձում են այդպիսով վարկաբեկել մեր կառույցը, որը շատ կարևոր գործառույթներ ունի, և այդպիսով փորձում են իրենց շահերին հասնել: Վստահեցնում եմ, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը նման գործառույթ չունի: Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք ստեղծել հնարավոր չէ, կարծում եմ, որ այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, քանի որ հանրային աջակցություն կա: Վերջին սոցհարցումներն էլ այդ մասին խոսում են: Եվ ընդհանրապես ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելն իմ կարծիքով սխալ է և ոչ արդյունավետ»,-ասաց Մովսիսյանը:

Անդրադառնալով սոցցանցերում ֆեյք օգտատերերի խնդրին՝ նշեց՝ ունենք այդ խնդիրը, որը սակայն ամբողջ աշխարհում կա: Նա հիշեցրեց՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մոտ կես տարի առաջ իր կանոնադրությունում փոփոխություններ է արել և իր գործառույթներին ավելացրել նաև մեդիագրագիտության տարածումը: Մովսիսյանի կարծիքով՝  դա այն հիմնական գործիքներից է, որի շնորհիվ հնարավոր է կեղծ տեղեկատվության դեմ պայքարել, որովհետև այլ գործիք դեռ աշխարհում չեն գտել: ՊՈԱԿ-ը փորձում է նաև մեդիագրագիտության տարածմամբ նպաստել, որ մարդիկ ավելի քիչ մանիպուլյացիայի տրվեն: Նա նաև նկատեց՝ սակայն ունենք նաև խնդիր, որ շատերը միայն վերնագիր են կարդում, չեն հետևում, թե ինչ աղբյուրից են լուրերը ստանում, որտեղից էլ առաջանում է ֆեյքերի խնդիրը:

Լրագրողը նշեց՝ Մովսիսյանի ղեկավարած կառույցը նախկինում ասոցացվել է ֆեյքերի բանակ ունենալու հետ, հետաքրքրվեց, թե նա որպես արդեն կառույցի ղեկավար տիրապետում է արդյոք որոշակի ինֆորմացիայի, թե արդյոք նախորդ իշխանությունների օրոք կառույցը ֆեյքերով զբաղվել է, թե ոչ: Մովսիսյանը նշեց՝ նման պնդում ինքը ևս լսել է, սակայն ձեռքի տակ ապացույցներ չունի: «Փոխարենը ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցներից ներկայում պատգամավոր Տաթև Հայրապետյանը հայտարարել է, որ ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, և այդ պատճառով աշխատանքից դուրս է եկել: Ինքն է պնդում, որ ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, աղբյուր կա: Ես ապացույցներ այդ պահին դեռ չունեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ՊՈԱԿ-ին ֆեյքեր ունենալու մեջ մեղադրողներին՝ նա նշեց՝ կփորձի խուսափել անուններ տալուց, սակայն նրանցից շատերը ժամանակին աշխատել են ՊՈԱԿ-ում, շատ հետաքրքիր անցյալ են ունեցել։ «Բայց այս մեղադրանքները կեղծ են համարում, ընդհանրապես այս օրակարգը, որը նետվում է, կեղծ եմ համարում»,-ասաց Մովսիսյանն ու հավելեց՝ այլևս չի պատրաստվում արձագանքել նման պնդումներին:

Անդրադառնալով պարգևավճարների ֆոնդի վերաբերյալ հարցին՝ նա նշեց՝ ՊՈԱԿ-ները չեն կարող պարգևավճարներ ունենալ, պարզապես անցյալ տարվա բյուջեով ունեն խնայողություն նախորդ տարվա բյուջեից, այդ պատճառով կարողացել են նման բյուջե ունենալ: Այս տարվա համար նման բյուջե չունեն:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ ինքը նշանակվի վարչապետի մամուլի խոսնակ, նման առաջարկ ստացել է արդյոք,  Մովսիսյանն ասաց՝ այդպիսի առաջարկ չի ստացել, շարունակում է կատարել ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am