Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության: Այն ակտերը, որոնցով «Ա1+» հեռուստաընկերությունը տարիներ առաջ զրկվել է հեռուստաեթերից և չի կարողացել մրցույթների ընթացքում ստանալ լիցենզիա, դիմող կողմը պահանջում է դրանք առ ոչինչ ճանաչել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ դա կարևոր է մի քանի տեսանկյունից:
«Կարևոր է այն առումով, որ, ի վերջո, արդարությունը վերականգնվի: Տարիներ առաջ մրցույթներ անցկացվեցին, որոնք խիստ քննադատության ենթարկվեցին հանրության, իրավապաշտպանների կողմից: Անարդար մոտեցում տեղի ունեցավ և «Ա1+»ը տեղ չգտավ հեռուստաեթերում, այն եթերազրկվեց քաղաքական դրդապատճառներով: Լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում դատարանները կարող են անկաշկանդ որոշումներ կայացնել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Փաստաբան Արա Ղազարյան, ով ներկայացնելու է «Ա1+»-ի շահերը, նշեց, որ խոսքը 7 վարչական ակտի մասին է, որն ընդունվել է 2003 թվականին, ու արդյունքում հեռուստաընկերությունը զրկվել է եթերից:
«Մենք հայց ենք ներկայացրել առ ոչինչ ճանաչելու այդ ակտերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մենք ոչ թե պահանջում ենք անվավեր ճանաչել, այլ առ ոչինչ: Անվավեր է ճանաչվում այն ակտը, որն ընդունվում է օրենքի խախտմամբ, սխալ մեկնաբանմամբ: Առ ոչինչ նշանակում է, երբ օրենքի կիրառության նպատակը եղել է ոչ իրավաչափ: Այսինքն` արդարադատության առերևույթ ոտնահարմամբ այդ ակտն ընդունվել է»,-ասաց Արա Ղազարյանը:
Արդյո՞ք վստահության խնդիր կա դատական համակարգի նկատմամբ, մանավանդ, նշվում է, որ այս համակարգում դեռ հեղափոխություն չի եղել: Հարցին ի պատասխան «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ իր համար դատական համակարգում հեղափոխությունը բոլորին հեռացնելը չէ:
«Դատավորն ինքը պետք է փոխվի: Երբ միջավայրը փոխվել է, դատավորները ստիպված պետք է փոխվեն: Նրանք տեղ չեն ունենա այս կյանքում, եթե իրենց մեջ հեղափոխություն չլինի»,-ասաց Մեսրոպ Մովսեսյանը:
Եթե դատարանը որոշում կայացնի ակտերի առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ, Արա Ղազարյանը նշեց, որ հաջորդ քայլը լինելու է փոխհատուցման պահանջ:
Առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին: