Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«2018թ. մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել՝ պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին: Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը:
Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել: Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին եւ Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար»,- գրել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին շրջայց է կատարում Տավուշի մարզում: