Հասարակական

Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականի ընթացքում ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոռնիձոր բնակավայրերում։ Ամբողջ տարվա ընթացքում Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում դասընթացներ են անցկացրել։ «11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին։ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի գործընկերների միջև օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների և ականից տուժած ընտանիքների երեխաները 2020 թվականին կմեկնեն Խորվաթիա՝ ամառային հանգիստը համատեղելով ականների վտանգի իրազեկման դասընթացների հետ։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2020 թվականին կշարունակի նաև ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ նախաձեռնությունը։ Եկող տարի նույնպես սիրիացի փոքրիկների համար նվերներ կուղարկվեն՝ այս անգամ հիմնականում գրենական պիտույքներ ու դպրոցական պայուսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում