Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

Տեսչական մարմինը դեղերի շուկայում հայտնաբերել է hիմնականում հավաստագրման և պահպանման խնդիրներ

Տեսչական մարմինը դեղերի շուկայում հայտնաբերել է hիմնականում հավաստագրման և 
պահպանման խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ դեղերում շուկայում 2019-ին հայտնաբերված հիմնական խնդիրները կապված են եղել դեղերի չհավաստագրման և պահպանման կարգի խախտման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«2018-ի եղել է 208 վարույթ, այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն ունենք 1650 վարույթ, որից դեղերի բլոկում՝ 264 վարույթ։ Հայտնաբերվել են հիմնականում չհավաստագրված լինելու ու դեղերի պահպանման կարգի խախտումներ: Մարզերում դա լայնածավալ բնույթ է կրում: Օրինակ՝ տնտեսական խանութում լիցենզիա են ստանում ու կողքից դեղ վաճառում»,-ասաց Ավագյանը:

Խախտումների հայտնաբերման դեպքում տնտեսավարողը չի սահմանափակվում միայն տուգանք ստանալով, տրվում է նաև կարգադրագիր՝ վերացնելու խախտումը: Դրանից հետո տեսչական մարմինը ստուգում է կարգադրագրի կատարումը:

Ավագյանի խոսքով՝ մինչև հիմա տեսչական մարմինը ստուգում չի իրականացրել, այլ իրականացվել են վարչական վարույթներ՝ կամ բողոքների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ: Սակայն կառավարման խորհրդի հավանությամբ արդեն հաստատվել է հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը: Ըստ ռիսկերի դուրս է բերվել 191 ստուգման ենթակա ծրագիր: Ընդ որում, ամենաշատ ստուգումներն իրականացվելու են հենց դեղերի բլոկում: «Դեղերի շուկայում գործողները հայտնվել են ռիսկայինների ցուցակում: Եվ մենք ստուգաթերթեր ենք հաստատում»,-ասաց Ավագյանը:

Տնտեսավարողի համար ստուգումները կանխատեսելի են, նրանք, ստուգումների ցուցակում տեսնելով իրենց անունը, կարող են թերությունները վերացնել: Ավագյանը նշեց՝ իրենք շատ ուրախ կլինեն, որ դրանք վերացրած լինեն մինչև իրենց ստուգումները: «Եթե նույնիսկ ստուգման մասին տնտեսավարողը նախապես ծանուցվում է ու վերացնում խախտումը, մեզ համար դա շատ ավելի կարևոր է, քան տուգանելը: Սակայն նույնիսկ ծանուցված լինելով՝ կրկին դեպքերի 90 տոկոսում խախտումներ գտնում ենք՝ դեղերի պահպանման և այլնի հետ կապված»,-ասաց նա:

Ավագյանը նշեց՝ բողոքները շատ են լինում հատկապես կեղծ դեղերի հետ կապված, սակայն նա շեշտեց՝ կեղծ ու չհավաստագրված դեղերը տարբեր բաներ են, և սովորական քաղաքացին երբեմն չի տարբերում: Դեղը կարող է իր պարունակությամբ և նկարագրով համապատասխանել պահանջներին, սակայն հավաստագրված չլինել փորձագիտական կենտրոնում: Հայտնաբերելով արձանագրված խախտումը՝ տեսչական մարմինը որոշակի ժամկետում դա ոչնչացնում կամ վերաարտահանում է:

Տեսչական մարմինը նոր ծրագիր է մշակել, որի շնորհիվ քաղաքացին իր սմարթֆոնով համակարգի միջոցով կարող է հենց դեղատանը հասկանալ՝ դեղի դրոշմապիտակը գրանցված է, թե ոչ: Տեսչական մարմինը տնտեսավարողներին հորդորում է այդ համակարգում մուտք անել դեղի հավաստագիրը: «Եթե քաղաքացին տեսնում է, որ դա ճիշտ դրոշմապիտակ է, ապա ինքը նաև վստահ կլինի, որ դեղը հավաստագրված է: Հաջորդ տարի ուզում ենք նաև նորամուծություն անել: Քաղաքացիները որևէ կասկածի դեպքում կարող են զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին ու արագ արձագանք ստանալ»,-ասաց Ավագյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ