Մշակույթ

21 ներկայացում բացօթյա և առցանց. «Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

4 րոպեի ընթերցում

21 ներկայացում բացօթյա և առցանց. «Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 1-10-ը, կներկայանա 21 մոնոներկայացմամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ, համավարակով պայմանավորված, այս տարի փառատոնի շեշտադրումները փոխվեցին, որոշ ծրագրեր վերանայվեցին: Ստեղծված իրավիճակումփառատոննայս տարի արտերկրից դերասանների չի հյուրընկալի:

«Որոշ ներկայացումներ, որոնք շատ թանկ էին ինձ համար, և ցանկանում էի, որ անպայման ցուցադրվեին, չեն լինի՝ պայմանավորված համավարակով: Օրինա՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Լեհաստանից նախագծեր պետք է լինեին: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք դրանք այստեղ դիտելու»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Փոխարենը փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից,Լիտվայից, Ուկրաինայից և այլն:

Փառատոնի մասնակիցներին, այս անգամ առցանց, կողջունեն մոնոփառատոնների տնօրեններ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան,այլք:

Այս տարի նախատեսված 21 ներկայացումից 7-ը միջազգային ծրագրերի գործերն են, որոնց Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևելու «Արմմոնո» փառատոնի «Ֆեսյբուք» սոցիալական ցանի էջում: Մնացած 14 ներկայացումը բեմադրվում է Հայաստանում, հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա: Քանի որ ներկայացումները լինելու են բացօթյա, հետևաբար, որոշակի քանակությամբ հանդիսատեսի ներկայություն նախատեսված է: Նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել, կարող են կրկին հետևել առցանց:

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:

«Թե ինչ շեշտադրումներ կլինեն, կդժվարանամ ասել, կարծում եմ՝ Նարինե Գրիգորյանն ավելի լավ կպատասխանի: Ամեն դեպքում կարծում եմ, որ հանդիսատեսը կսպասի պատվաբեր, լուրջհանդիպում Մաթևոսյանի արձակի հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի տնօրինությանը, նաև Նարինե Գրիգորյանին այս ամենի համար: Ես լավ հեռանկար եմ տեսնում «Գոմեշը» ներկայացման համար»,- ասաց «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Փառատոնի շրջանակում հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց...» պիեսը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում