Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ ընտրվելու պարագայում Փաշինյանը պատրաստվում է կարճ ժամկետներում տիրապետել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

Վարչապետ ընտրվելու պարագայում Փաշինյանը պատրաստվում է կարճ ժամկետներում 
տիրապետել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ թեկնածու, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու պարագայում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին տիրապետել կարճ ժամկետներում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:   

Հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ տեսլական ունի ԼՂ հարցի շուրջ: «Եթե մոտեցումը գտնվելու է շարունակականության համատեքստում՝ այդ պարագայում ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի մտնեք այդ ամբողջ գործընթացի մեջ, իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Եվ երկրորդ՝ այդ ամենի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե ինչ-որ փոփոխություն նախատեսում եք, ինչքանը որ հնարավոր է, այդ փոփոխությունների կամ ելևէջների հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հետաքրքրվեց Կարեն Բեքարյանը:        

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ հարցը կարևորագույն հարցերից  մեկն է և ակնհայտ է, որ հարցի բանակցությունները, կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին՝ կարծում  եմ, որ անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որովհետև Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ և պետք է հոգ տանեն, որպեսզի իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում, ես տիրապետեմ անհրաժեշտ տեղեկատվությանը»,- ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով, ընդհանրապես, աշխատանքի մեթոդաբանությունը կրկին պետք է լինի ինստիտուցիոնալ: «Մենք միշտ էլ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները և անձնական սուբյեկտիվ կարծիքները չպետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Իհարկե, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պետք է լինի հավասարակշռված: Կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք կայացել են և որոնք կարող են այդ հակակշռի դերը կատարել և այնտեղ, որտեղ անհամաչափ է և հակակշիռների անհրաժեշտություն կա, ապա այս հարցի կոնտեքստից դուրս, դրան նույնպես հակակշռելու անհրաժեշտություն կլինի»,- նկատեց Փաշինյանը:

Խոսելով ԼՂ հարցի ընթացիկ վիճակին՝ «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանում այս ուղղությամբ շատ մեծ ամպլիտուդա չկա, որովհետև այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից՝ մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: «Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար խնդրահարույց է բանակցել մի երկրի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել և վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներ հաստատելն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝  ռեալ չէ: Խաղաղության համար պետք է լինի խաղաղության մթնոլորտ, ագրեսիվ հռետորաբանության պայմաններում հնարավոր չէ հաստատել խաղաղության մթնոլորտ, առնվազն այդ մոտեցումը չի կարող լինել ընդունելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերջին պրոցեսները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը նաև ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Կարծում եմ՝ ազգային զարթոնքը, ազգային համախմբումը, որ այս ունենք, հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք: Սա, իհարկե, բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի Հայաստանի դիրքերը, պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և ընդհանրապես հանրային ոգու բարձրացմանը, ինչը կարծում  եմ՝ ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այս գործընթացում».- ասաց Նիկոլ Փաշինյանը:             

Կարեն Բեքարյանն արձանագրեց, որ կա հստակություն, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է շատ կարճ ժամկետում մտնել ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Եթե վաղն ընտրվեք վարչապետ՝ ուղղակի հորդոր, որպեսզի ԼՂ հարցը լինի ամենամեծ առաջնահերթությունը,  որովհետև ամեն դեպքում այդ գործընթացը պարզ չէ ինչքան ժամանակ կառանձնացնի կամ կստեղծի: Երկրորդ՝ հասկանալի է, որ այս միջավայրում, լրագրողների ներկայությամբ նյուանսների, ելևէջների մասին խոսելը բարդ է և այդ առումով ուղղակի կուզենամ աչքի առաջ ունենաք փակ ձևաչափով քննարկումներ ունենալու հնարավորությունը»,- ասաց Բեքարյանը:            


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]