Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը համարում է անհեռանկարային մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը համարում է անհեռանկարային մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի հանրահավաքի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում