Մշակույթ

Հայի սիրո ու կարոտի մասին պատմող երգչախումբը. նշվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակը

5 րոպեի ընթերցում

Հայի սիրո ու կարոտի մասին պատմող երգչախումբը. նշվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյին հնչեց ինչպես հոգևոր, այնպես էլ` համաշխարհային դասական երաժշտություն: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ հանձնեց, կոչումներ շնորհեց վաստակավոր կոլեկտիվի մի խումբ ներկայացուցիչների:

«Վեհափա՛ռ Տեր,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց և նաև նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին և շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որպեսզի երգչախումբը իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, և Ձեր 56, 57 տարիներին գումարվեն ևս տասնամյակներ:

Շնորհակալ եմ ձեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ բոլորի համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս փառահեղ երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

«Երգչախումբ, որ իր գոյության 80 տարիների ընթացքում կարողացավ աշխարհին պատմել մեր հավատքի, մեր սիրո, մեր կարոտի և մեր հայրենքի երազանքների մասին, երգչախումբ, որ կարողացավ միավորել, համախմբել, ներդաշնակել ոչ միայն հայ երաժշտությունը, կատարողական արվեստը, այլև միավորել ամբողջ աշխարհում սփռված համայն հայությանն ու, իրավամբ, համարվել համահայկական երգչախումբ»,-շեշտեց նախարարը:

Նա հավելեց, որ 1961 թվականին առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը, բարձրացավ տիեզերք, 1961-ին սկսեց կառուցվել Արևելյան և Արևմտյան Բեռլինի միջնապատը, 1961 թվականին «Բիթլս» խումբն իր առաջին համերգային ծրագիրն ունեցավ, խորհրդանշական այդ նույն թվականին Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դարձավ 33-ամյա Հովհաննես Չեքիջյանը, որը մինչ օրս իր կախարդական ձեռքերով և մոգական երևակայությամբ միավորում է հարյուրավոր սրտեր: Պատահական չէ, որ մարշալ Բաղրամյանը Հովհաննես Չեքիջյանին անվանել է երգչախմբային արվեստի մարշալ:

Երգչախմբային արվեստի սիրահարները բուռն ծափահարություններով էին արձագանքում բոլոր կատարումներին: Յուրաքանչյուր երաժշտական գործից հետո լսվում էր հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններից որևէ մեկը, որը յուրահատուկ երանգ էր հաղորդում համերգային ծրագրին:

Բեմադրությունը գեղեցիկ էր ու մտածված: Բեմադրիչը Երվանդ Ղազանչյանն էր:

Համերգային ծրագրի ավարտին Հովհաննես Չեքիջյանը հուզված ասաց, որ վերջապես արժանացավ այս գեղեցիկ օրվան: «Շատ շնորհակալ եմ, հրճվանք եմ ապրում, շատ զգացված եմ, երախտապարտ: Ցանկանում եմ, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ»,-եզրափակեց մեծն Չեքիջյանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937թվականին։1961-ից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էՀովհաննես Չեքիջյանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալելմեր երկրիբոլոր շրջաններում: Հայաստանից դուրս համերգներ է ունեցել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութումև այլուր: Երգչախումբը 27 լեզվով երգել էհայև համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1969թվականին երգչախումբն արժանացել է ակադեմիականի կոչման,1975-ից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է,2012թվականի նոյեմբերի 15-ինՀՀ կառավարությանորոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ։

Երգչախումբը ձայնագրել էԵկմալյանիևԿոմիտասիպատարագների սկավառակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում