Չլինենք անտարբեր, փրկենք կյանքեր․ նախարար Ավանեսյանը միացավ արյունատվության միջոցառմանը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր, օրվա առթիվ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
Այս տարի էլ ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը և ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը համատեղ կազմակերպել են բացօթյա արյունատվության միջոցառումներ՝ նվիրված Արյան դոնորների համաշխարհային օրվան։
Ժամը 9:30-ից 15:00-ն քաղաքացիներն արյուն են հանձնել Խաչքարերի պուրակուկ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), և Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5): Յոլյան կենտրոնի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմը ղեկավարել է ամբողջ գործընթացը՝ պահպանելով առողջապահական բոլոր նորմերը։

Առողջապահության նախախար Անահիտ Ավանեսյանը նույնպես միացավ արյունատվության միջոցառմանը: Ընդգծելով անվարձահատույց արյունատվության կարևորությունը և անհրաժեշտությունը՝ նախարարը նշեց, որ բոլոր երկրները իրենց արյան պաշարները հիմնականում լրացնում են հենց անվարձահատույց դոնորության շնորհիվ, և կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասել է 80 տոկոսի:
«Ցավոք սրտի, մենք դեռ այդքան լավ ցուցանիշներ չունենք, և պետք է հասարակական մտածողության և դիրքորոշման փոփոխության հասնենք: Մենք պետք է պատկերացնենք, որ բոլորս ինչ-որ պահի կարող ենք արյան անհապաղ ներարկման կարիք ունենալ, և, եթե մենք ինքներս այդ պաշարները չլրացնենք, կկանգնենք լուրջ խնդիրների առջև:
Որպեսզի մեր հանրապետությունում արյան ռազմավարական պաշարները մշտապես լինեն համալրված, ապա բավարար է, որ 5000 մարդ տարին մեկ անգամ արյուն հանձնի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց՝ արյուն հանձնելը նախ կյանք փրկելու միջոց է, ինչպես նաև բժշկական տեսակետից օգտակար է հենց արյուն հանձնողի համար: Ավանեսյանը նշեց՝ կան մի շարք միֆեր և զգուշացումներ, որոնք հիմնականում ճիշտ չեն, և իրենք փորձում են նաև ճիշտ տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին այն մասին, որ արյուն հանձնելը ոչ մի վտանգավոր հետևանք չունի:
ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանն ընդգծեց՝ արյունն անփոխարինելի է և կենսական նշանակություն ունի մարդկային կյանքի պահպանման համար:
«Միայն առողջ մարդը կարող է համալրել արյան պաշարները՝ հանձնելով արյուն: Ամեն օր Հայաստանում բազմաթիվ մարդիկ արյան տարբեր բաղադրամասերի փոխներարկման կարիք են ունենում՝ տարբեր առողջական խնդիրներից ելնելով: Մի շարք դեպքերում հենց դոնորական արյան շնորհիվ են փրկվում մարդկային կյանքեր»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանում անվարձահատույց արյուն հանձնելու ցածր ցուցանիշին՝ Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ անում են այդ առաքելության կարևորությունը քաղաքացիներին հասցնելու և այդ մշակույթը զարգացնելու համար:
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է, որը ընդունվել է 2005 թվականին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից և նշվում է ողջ աշխարհում արդեն շուրջ 20 տարի։

Արյան դոնորի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հունիսի 14-ին՝ ի հիշատակ Կարլ Լանդշտեյների, ով 1900 թվականին հայտնաբերել է ABO արյան խմբերի համակարգը, ինչը հեղափոխություն առաջացրեց բժշկության մեջ:
Այս օրը հնարավորություն է տալիս ընդգծել արյունատվության կարևորությունը և շնորհակալություն հայտնել արյան դոնորներին:
Յոլյան կենտրոնը արյան կամավոր դոնորության մշակույթի զարգացման առաջամարտիկն է Հայաստանում: Տարատեսակ միջոցառումներից զատ՝ կենտրոնը նախաձեռնել է դոնորների «1/5000» ակումբը. այն միավորում է կանոնավոր անհատույց դոնորներին՝ մարդկանց, ովքեր պարբերաբար արյուն են հանձնում, համալրում են արյան պաշարները և օրինակ ծառայում մյուսների համար: