Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից:
MUNDUS VINI մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001 թվականից և համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ մրցանակներին։
Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։
Հայկական գինիների մասնակցությունը MUNDUS VINI–ի մրցանակաբաշխությանը կբարձրացնի նրանց ճանաչելիությունը, իսկ մրցանակակիր գինիների համար կդյուրինացնի շուկա մուտք գործելը:
Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝
1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines
2. Վայք Գրուպ ՓԲԸ
3․Օլդ Բրիդջ ՍՊԸ
4. Քյօշ ՍՊԸ
5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս
7․Գետնատուն ՍՊԸ
8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor
9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ
10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո
11․Մեծ Սյունիք ՓԲԸ
12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines
13․ՎանԱրդի ՍՊԸ
14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines
15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ
16․ Մարան ՍՊԸ
17․ Տրինիտի ՍՊԸ
18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ
19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի
MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում