Սպորտ

«Սառույցի թագավորները» շոուն մարտի 8-ին ընդառաջ նվեր է հայ կանանց. Եվգենի Պլյուշչենկո

3 րոպեի ընթերցում

«Սառույցի թագավորները» շոուն մարտի 8-ին ընդառաջ նվեր է հայ կանանց. Եվգենի Պլյուշչենկո

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սառույցի թագավորները» շոուն մարտի 8-ին ընդառաջ նվեր է հայ կանանց: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն` անդրադառնալով մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում անցկացվելիք սառցե շոուին:

«Մենք կներկայացնենք բարձրակարգ շոու: Մի քանի տարի առաջ Երևանում ելույթ եմ ունեցել, երկու շոու ենք ունեցել, որոնք մեծ հաջողությամբ են անցել: Արդեն ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Շուտով մարտի 8-ն է, և այս շոուն շատ լավ նվեր է կանանց համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Եվգենի Պլյուշչենկոն` խոստանալով, որ շոուի ընթացքում հայ հանդիսատեսին կուրախացնեն լավ համարներով, երաժշտությամբ, գեղասահքով:

«Այսօր շատ դժվար է նման մեծ նախագիծ անել` հաշվի առնելով դժվար ժամանակները, բայց մենք ուզում ենք մարդկանց երջանկություն պարգևել»,-նշեց Եվգենի Պլյուշչենկոն:

«Սառույցի թագավորները» նախագծի մտահղացման հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանը խոստացավ, որ սառցե շոուն հայ հանդիսատեսին դուր կգա:

«Շատ անակնակալներ ենք պատրաստել, երեկոն հոյակապ կլինի: Լինելով հայ` իմ գլխավոր նպատակն է, որ մեր ժողովուրդը պարծենա, որ հայ ենք, իմանա, թե ինչքան շնորհքով ենք: Աշխարհի լավագույն մարդիկ Հայաստանում են»,-նշեց նա` հավելելով, որ «Սառույցի թագավորները» շոուն կտևի երկուսուկես ժամից ավելի:

Մարտի 5-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն, որին բացի Եվգենի Պլյուշչենկոյից կմասնակցի նաև երգիչ Դիմա Բիլանը: «Սառույցի թագավորները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանի` հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:

Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Բրիան Ժուբերը և այլք:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում