Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանը վերածվում է Գուանտանամոյի

Ադրբեջանը վերածվում է Գուանտանամոյի

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը մշտապես աշխատում է ապացուցել, որ իբր աշխարհի բոլոր վայրերում մեծացել է բռնությունը, մարդկանց իրավունքները խախտվում են եւ միակ դրախտավայրը Ադրբեջանն է: Իշխանամետ հեռուստաալիքներն անընդհատ ցուցադրում են աշխարհի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ, երկրաշարժեր, փլուզումներ, ոստիկանական ճնշումներ, ինչով աշխատում են քաղաքացուն կոչ անել «փառք» տալ եւ ասել, թե չնայած երկրում համատարած կոռուպցիա եւ անարդարություն է, բայց պետք է դիմանալ հանուն կայունության:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ հատկապես, մարդու իրավունքների, ազատությունների մասին խոսք գնալու ժամանակ կառավարությունը օրինակ է բերում Գուանտանամո բանտը եւ հրատարակում այդ բանտում բանտարկյալներին պատժելու մասին հոդվածներ:

«Սակայն, երկրի բանտերում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ինքն է վերածվել Գուանտանամոյի, քանի որ ամեն օր հայտնի են դառնում երկրի բանտերում տիրող ցավալի դեպքերի եւ դատապարտյալներին գազանաբար խոշտանգելու ու սպանելու մասին փաստեր», -գրում է թերթը:

Վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, «Ազադլըգ»-ը հայտնում է, որ փետրվարի 12-ին Բաքվի թիվ 6 քրեակատարողական ծառայության հաստատությունում վերակացուները մահացու ծեծի են ենթարկել երկու դատապարտյալի, երկու դատապարտյալ կիսակենդանի վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Եւս երկու դատապարտյալի ճակատագրի մասին էլ տեղեկություններ չկան:

Թերթին հասած տեղեկությունը հաստատել է մահացածներից մեկի եղբայրը` Ռամին Իբրահիմովը:

«Զանգահարեցին եւ հայտնեցին, որ Նուրանին մահացել է ստամոսքի ցավերից, նրա դիակը գտնվում է դիարանում: Գնացինք այնտեղ եւ տեսանք, որ նրա ոտքերը կոտրված են, կրունկները սեւացել են, իսկ թոքերը հարվածներից բզկտվել: Նրան ծեծել եւ սպանել են», -ասել է նա` նշելով, որ իր 23-ամյա եղբայրը ընդամենը 10 օր առաջ էր տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

«Երկրորդ մահացածի` Սահիբ Աբբասովի մարմինը տարել են Գյանջա: Մյուս դատապարտյալներ Էլմիրը եւ Թարիելը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Մնացած երկու դատապարտյալի մասին տեղեկություն չկա», -հավելել է նա:

Թերթը գրում է, որ նման սպանություններն Ադրբեջանի քրեակատարողական հաստատություններում առաջին անգամը չէ: 2014 թվականի դեկտեմբերի 22-ին Գարադաղի շրջանի թիվ 14 քրեակատարողական ծառայության հաստատությունում մահացել էր դատապարտյալ Էլշադ Բաբաեւը: Հետո պարզվել էր, որ նա մահացել է սարսափելի խոշտանգումներից: Նրան ծեծել եւ խոշտանգել են բանտի ղեկավարության ներկայացուցիչները: Նույն բանտում կախվելով կյանքին վերջ էր տվել դատապարտյալ Սուբհայ Իբրահիմովը:

Նշելով, որ Ադրբեջանի բանտերում բացասական դեպքերի ու նման սպանությունների հետ կապված փաստեր շատ կան, թերթը պատասխան է սպասում Գուանտանամո բանտի համար ԱՄՆ-ին դատապարտող Ադրբեջանի կառավարությունից եւ շեշտում, որ Ադրբեջանի բանտերը վերածվել են խոշտանգումների որջերի:

«Ադրբեջանում անպատժելիությունը, անիրավությունը բանտերը Գուանտանամոյից ավելի վատ վիճակի են վերածել: Եթե Ադրբեջանում գեներալները գաղտնի բանտեր են կարողանում պահել, վերեւների պատվերով անմեղ մարդիկ են ձերբակալվում, նշանակում է, ցանկացած դատապարտյալի սպանությունը հասարակ գործ է: Այդ ավանդույթն ինքը` կառավարությունն է ստեղծել: Համակարգը բոլոր բնագավառները նմանեցրել է իրեն եւ ստեղծել Ադրբեջանի Գուանտանամո: Այնպես որ, պետք չէ նեգատիվ որոնել այլ երկրներում, Ադրբեջանը խեղդվում է նեգատիվների առատությունից», -ամփոփում է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am