Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանը հիշում է քեզ. Երևանում հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը

 Հայաստանը հիշում է քեզ. Երևանում հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում հիշատակի միջոցառում անցկացվեց: Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը և «Հրանտ Դինք» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք անցկացրեցին՝ Երևանի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով:

Ստորագրահավաքին միացան մի քանի տասնյակ քաղաքացիներ: Երևանի քաղաքապետարանի մոտ շուրջ մեկ ժամ լուռ ակցիա անցկացնելու հետո կազմակերպիչները հավաքված ստորագրություններով Երևանի քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանելու պահանջով դիմում հանձնեցին Երևանի քաղաքապետարան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպության երևանյան ներկայացուցիչ Նշան Կյուրեղը ցավով նշեց, որ Հայաստանում Հրանտ Դինքի հիշատակի օրերին լայնածավալ միջոցառումներ և ցույցեր չեն կազմակերպվում: «Շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանում գործող կուսակցությունները գոնե այս օրերին Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ և ցույցեր կազմակերպեին, ինչպես օրինակ լինում է Ստամբուլում: Հիմա մեր նպատակն է հասնել նրան, որ Երևանի փողոցներից մեկն անվանվի Հրանտ Դինքի անունով, որովհետև մենք Հայաստանում Հրանտ Դինքի անունն այդքան էլ հաճախ չենք լսում: Ես շատ կցանկանայի, որ 2017թ., երբ կլրանա Դինքի մահվան 10-րդ տարելիցը, Հայաստանի կուսակցություններն ավելի ակտիվ լինեն և լայնածավալ միջոցառումներ կազմակերպեն»,- ասաց նա:

Ստորագրահավաքի արդյունքները և դիմումը Երևանի քաղաքապետարան հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: «Հայաստանը հիշում է քեզ». «Մենք բոլորս Հրանտ ենք», «Փողոց, պայքար, ազատություն» վանկարկումներով ակցիայի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցով հասան Մաշտոցի պողոտա, որտեղից էլ Ամիրյան փողոցով դուրս եկան Հանրապետության հրապարակ: Հանրապետության հրապարակում շարունակվեց ստորագրահավաքը, որին միացան բազմաթիվ քաղաքացիներ:

Հանրապետության հրապարակում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ակցիան ավարտվեց մոմավառությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am