Հասարակական

Լիլիթ Ասատրյանը 17 տարի ծառայում է հայրենիքին. զինվորական բժիշկները նշում են մասնագիտական տոնը

7 րոպեի ընթերցում

Լիլիթ Ասատրյանը 17 տարի ծառայում է հայրենիքին. զինվորական բժիշկները նշում են մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր սիրտն ու հոգին է դնում, ապրում դժվարին իրավիճակում հայտնված, իր կարիքն ունեցող յուրաքանչյուր զինվորի պատմությամբ, կյանքով ու հոգեվիճակով: Արդեն 17 տարի զիվորական համակարգում իր ծառայությունն անցկացնող բուժծառայության կապիտան, երկու երեխաների մայր, հոգեբույժ Լիլիթ Ասատրյանն այսօր տոնում է մասնագիտական տոնը:

«Թեեւ ուսումնառության ամենասկիզբից գիտակցում էինք, որ շատ դժվար մասնագիտություն է ընտրում, կնոջ համար բարդ է զինվորական ծառայությունն ու ընտանիքը համատեղելը, այնուամենայնիվ, բարձր միավորներով ընդունվեց ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը, մեծ ոգեւորությամբ անցկացրեց ուսումնառության տարիները` յուրաքանչյուր օր մեծ սիրով կրելով զինվորական համազգեստը»,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում նշեց այսօր արդեն ՀՀ ՊՆ Երեւանի Կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք գործուղված Լիլիթ Ասատրյանի մայրը` Հասմիկ Դանիելյանը:

«Թեեւ պատանեկան տարիներին նաեւ ստեղծագործում էր, եւ բոլորը սպասում էին, թե բանասեր պետք է դառնա, այնուամենայնիվ, այսօր իր գործի գիտակն է, կարող է ժամերով առանձնանալ, աշխատանքից դուրս հեռախոսազրույց կամ հանդիպում ունենալ հիվանդ զինվորի կամ նրա ծնողի հետ, ապրել նրանց հոգսերով ու ներաշխարհով: Անգամ մայրության սպասելիս չէր զլանում, շարունակում էր իր խորհուրդները տալ` յուրաքանչյուրին իրեն անհրաժեշտ «դեղատոմսով» ու մոտեցմամբ»,- առանձնակի ոգեւորությամբ եւ հպարտությամբ նշում է ռազմաբժշկուհու մայրը` մեջբերելով հատվածներ զինվորների վերաբերմունքից, հարգանքի դրսեւորումներից: «Հպարտ եմ նաեւ, որ ունի սիրող, գնահատող եւ ըմբռնող ամուսին, ով կարեւորում է իր կնոջ աշխատանքը, ընդառաջում է եւ աջակցում»,-ընդգծեց Հասմիկ Դանիելյանը:

Ուսումնառության ավարտից հետո Լիլիթն աշխատել է տարբեր զորամասերում, եղել բուժծառայության պետ, հոգեբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո նշանակվել ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում որպես հոգեբույժ: Հինգ տարի առաջ նա արժանացել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» մեդալին: Երկրորդ գնահատանքն այս տարվա սեպտեմբերի 21-ին էր, երբ արժանացավ «Գարեգին Նժդեհ» մեդալին, իսկ երրորդը` ռազմական բժշկի օրվա կապակցությամբ «Անբասիր ծառայության համար» մեդալի երկրորդ աստիճանին` 10 տարի ԶՈւ-ում ծառայության համար:

«Միշտ համարել ենք, որ այս բաժանմունքը կնոջ համար նախընտրելի չէ: Այստեղ են լինում հիմնականում դժվար ենթարկվող ու հեշտ չդաստիարակվող, ըմբոստ, ընդհուպ մինչեւ զորակոչվելը դատված ու հանցագործություն կատարած երիտասարդները, որոնց անհրաժեշտ է ցուցաբերել յուրահատուկ մոտեցում, նաեւ խստություն: Միայն գրագետ բժիշկ լինելը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի բաժանմունքում հիվանդների շրջանում հարգանք վայելել, կարողանալ ճիշտ շփվել եւ արդյունք ստանալ:

Հոգեբույժը տվյալ դեպքում պետք է ցանկացած հիվանդի հետ նաեւ հոգեբանական մոտեցում ունենա: Նման կոնտինգենտի հետ աշխատելու եւ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են կամքի ուժ, խստություն եւ բարոյական ամրություն ունեցող մարդիկ: Ասատրյանը, լինելով կին, կարողացավ այդ հարցում այնպես անել, որ չզիջի իր դիրքերը եւ նորմալ աշխատի»,- նշեց ԵԿՀ հեգեբուժական բաժանմունքի պետ Տիգրան Թունյանը` ավելացնելով, որ բժշկուհի Լիլիթը պատասխանատվության զգացում ունենալու, աշխատասիրության, մանրուքները հաճախակի քննարկելու, չիմացածը պրպտելու եւ գտնելու, սովորել ցանկանալու հատկությունների շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մտնել իր աշխատանքնային գործունեության մեջ, սկսեց հիվանդներին ինքնուրույն, սկզբից մինչեւ վերջ վարել` ստանալով բուժական արդյունք:

«Մեր մասնագիտությունը պահանջում է նաեւ համբերատարություն, հիվանդի հանդեպ բծախնդիր հետեւողականություն, քանի որ հիվանդն ամենատհաճ ու ամենաանհարմար հարցերով կարող է ցանկություն ունենալ քեզ հետ զրուցելու: Եվ նա դա չի անում մտածված կամ քեզ տանջելու համար, այլ դա իր հիվանդության էությունն է»,-խոսելով մասնագիտական բարդությունների եւ առանձնահատկությունների մասին` ընդգծեց Տիգրան Թունյանը:

Հանրապետությունում ռազմական բժիշկների բազան այսօր համալրվում է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների եւ երկտարյա պարտադիր սպայական պահեստազորի բժիշկների միջոցով: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե` արդյո՞ք Հայոց բանակում ռազմական բժիշկների պակաս կա, թե՞ կադրերի բազան բնականոն ձեւով համալրվում է, ասաց.

«Կադրերի պակաս միշտ էլ կարող է լինել, քանի որ ամեն տարի բժիշկների որոշակի քանակ անցնում է ուսումնառություն` ընդունվելով կլինիկական օրդինատուրա եւ վերապատրաստվում: Իսկ քանի որ նրանք գտնվում են ուսումնառության մեջ, իրենց տեղը մինչեւ վերադառնալը թափուր է մնում: Բավականին բարդ պլանավորում է կատարվում, որը ձգտում ենք ճշգրիտ անել: Կան հաստիքներ, որ թոշակի են անցնում կամ ժամանակից շուտ են զորացրվում: Պետք է կարողանալ ճիշտ պլանավորել, թե 7 տարի հետո պահանջարկն ինչպիսին կլինի»:

Կլինիկական օրդինատուրա են անցնում բժշկական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով, բացառությամբ գինեկոլոգիա, մանկաբուժություն եւ ուռուցքաբանություն: Հիմնականում վերապատրաստումներն անց են կացվում ելնելով բանակի պահանջներից. վիրաբույժներ, վնասվածքաբաններ, թերապեւտներ, եւ այլն: Անդրադառնալով բժիշկ սպաների զորացրման դեպքերին` Ավետիսյանն ասաց, որ նրանք չնչին տոկոս են կազմում. տարվա մեջ 2-3 հոգի` կապված առողջական խնդիրների հետ, կամ ելնելով ընտանեկան պայմաններից:

Խոսելով կին զինվորականների մասին` վարչության պետի տեղակալն ընդգծեց, որ այդ համակարգում կրտսեր եւ միջին բուժանձնակազմը շուրջ 95 տոկոսով կանայք են (բուժքույրեր, քույր-տնտեսվարներ, մայրապետեր), իսկ ահա ռազմաբժշկուհիների թվաքանակը քիչ է` նրանք կազմում են ողջ զինվորական բժիշկների միայն 10 տոկոսը: «Ամեն կին չէ, որ կնախընտրի իր կյանքի 20 տարիները նվիրել Հայոց բանակին: Եղել են նաեւ տարիներ, որ ռազմաբժշկական ֆակուլտետ իգական սեռի ներկայացուցիչ ընդհանրապես չի դիմել»,-նկատեց նա:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում