Մշակույթ

Երևանը երեք օր լցված կլինի ջազային ռիթմերով. մեկնարկում է «Yerevan Jazz Fest 2015»-ը

5 րոպեի ընթերցում

Երևանը երեք օր լցված կլինի ջազային ռիթմերով. մեկնարկում է «Yerevan Jazz Fest 2015»-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 7-ամյա դադարից հետո Հայաստանը, մասնավորապես, մայրաքաղաք Երևանը երեք օր կխոսի ջազի լեզվով: Սեպտեմբերի 17-19-ին կացկացվի «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը, որը կազմակերպիչները ցանկանում են դարձնել ավանդական: Արևաշող Երևանում`«Մոսկվա» կինոթատորանի հարակից տարածքում Մանկական ջազ նվագախմբի հնչյունների ներքո մեկնարկեց փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ջազմեն Լևոն Մալխասյանը ուրախությամբ փաստեց, որ երկարատև դադարից հետո հնարավոր եղավ միջազգային ջազ փառատոնի անցկացումը: «Կարծում եմ` երևանցիների համար շատ հետաքրքիր կլինի այն ծրագիրը, որը նախապատրաստվել է: Հյուրերը դեռ ժամանում են, կարծում եմ` լավ է անցնելու, քանի որ շատ լուրջ են կազմակերպիչները պատրաստվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը( Չիկո) հույս հայտնեց, որ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական. այս օրերին դրա հիմքերն են դրվում: «Ամենակարևորն այն է, որ մեզանում փորձեր են արվում բարձրաճաշակ երաժշտությունն ամրապնդելու, քանի որ գաղտիք չեմ ասի, որ, ցավոք, մեզ մոտ դեռ իշխում է ցածրորակ երաժշտությունը»,-ասաց ջազ երաժիշտը: Նա նշեց, որ Հայաստանում ջազի արմատները խորն են, ու Երևանը ջազային քարտեզի վրա վաղուց հաստատվել է:

Երգչուհի Էռնա Յուզբաշյանը համաձայնեց գործընկերոջ հետ, որ փառատոնը կնպաստի հայերի երաժշտական ճաշակի լավացմանը: «Այնպես է ստացվել, որ այցս Հայաստան համընկել է այս գեղեցիկ միջոցառման հետ, որին երևանցիները սպասել են 7 տարի: Ես կցանկանայի, որ նման փառատոններ անցկացվեն ամեն տարի: Պետք է իրավիճակը փրկել, պետք է երաժշտական ճաշակը լավացնել, միայն այսպիսի փառատոնների ու իրադարձությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդյունքի: Եկեք համերգներին, կստանաք մեծ բավականություն»,-ավելացրեց ամերիկաբնակ երգչուհին:

Ավստրիան ներկայացնող հայտնի ջազմեն Հյուբերտ Թաբբսը, ով փառատոնի հյուրերից է, նշեց` Հայաստանում առաջին անգամ է, ճանաչում է երեք հայ երաժշտի, ովքեր իր համար մեծություն են, և ակնկալում է, որ բոլորն են այդպիսին լինելու: Չնայած ջազը, ըստ Թաբբսի, սևամորթների երաժշտությունն է, բայց այն միևնույն ժամանակ իմպրովիզացիոն երաժշտություն է, ու յուրաքանչյուրը ջազի միջոցով կարող է արտահայտել այն, ինչ զգում է`անկախ մաշկի գույնից:

Մոսկվայաբնակ երաժիշտ Սերգեյ Մանուկյանն էլ չհիշեց, թե որերորդ այցն է հայրենիք, բայց նշեց, որ ամեն անգամ նոր Երևան է բացահայտում իր համար: «Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր նախաձեռնել են այս փառատոնը` մտածելով Հայաստան բերել հանրահռչակ երաժիշտների: Ես երախտապարտ եմ, որ նրանց թվում եմ: Ուրախ եմ բոլոր մասնակիցներին ու հանդիսատեսին հանդիպելու առիթի համար»,-ասաց Սերգեյ Մանուկյանը:

Հայկական ջազ ասոցացիայի նախագահ Կամո Մովսիսյանի խոսքով` այն, որ փառատոնը հետաքրքրում է մեծ թվով մարդկանց, վկայում է այն մասին, որ լավ երաժշտություն սիրողներ կան, եղել են ու միշտ կլինեն: «Փառատոնը շարունակական է լինելու, 2016-ին մենք կընդլայնենք մասնակիցների քանակն ու մասնակից երկրների թիվը»,-վստահեցրեց փառատոնի համակազմակերպիչը:

Երաժիշտ Վահագն Հայրապետյանի համար էլ «Yerevan Jazz Fest 2015»-ը տոն է, որը Երևանում է համախմբել հանրահռչակ արտիստների:

«Yerevan Jazz Fest 2015» փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը: Համերգները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սեպտեմբերի 17-ին ջազ-փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած «Ռիչարդ Բոնա» բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում