Խորովածի և «Օձունի գանձեր» փառատոններն այցելուներին այս տարի սպասում են սեպտեմբերի 12-ին
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խոհանոցային ավանդույթներն ու բնամթերքը տեղացիներին ու աշխարհին ներկայացնող Խորովածի ու «Օձունի գանձեր» փառատոնները 2015-ին տեղի կունենան նույնը օրը` սեպտեմբերի 12-ին, Լոռու մարզի Ախթալա և Օձուն քաղաքներում: Կազմակերպիչների խոսքով, նպատակը մեկն է. այցելուներին ներկայացնել հագեցած ծրագիր` հնարավորություն տալով ներկա լինել երկու փառատոններին էլ, քանի որ փառատոնային բնակավայրերը մոտ են իրար:
«Արմենպրես»-ի սրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ավանդական դարձած փառատոնների իրականացումը բխում է Հայաստանում պետական քաղաքականության խնդիրներից: Նրա խոսքով, փառատոնների միջոցով տեղի է ունենում հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, զարգանում է զբոսաշրջությունը համայնքներում, բացահայտվում է հեռավոր շրջանների տնտեսական ներուժը թե ներսի, թե դրսի գործարարների համար:
«Տեղի է ունենում տեղական մոռացված ավանդույթների վերարժևորում, զարգացում:
Մի կարևոր գործոն ևս. փառատոնների միջոցով համախմբվում են պետական ու մասնավոր հատվածի շահագրիգռ կողմերը, մեզ են միանում նաև միջազգային կազմակերպություններ: Հետագայում էլ բավականին հնչեղություն են ստանում փառատոնները թե տեղական, թե արտասահմանյան մամուլում»,-նշեց Մեխակ Ապրեսյանը:
Նրա դիտարկմամբ, երբ անցկացվում էին առաջին փառատոնները, նպատակ կար դրանք դարձնելու ավանդական, ինչը և տեղի ունեցավ. դրանք գնալով ճանաչելի են դառնում թե Հայաստանում և թե դրա սահմաններից դուրս: «Մենք ունենք շատ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են հենց փառատոններին, յուրահատուկ տուր պրոդուկտ ենք ստացել»,-նշեց Մեխակ Ապրեսյանը: Նա փաստեց, որ Խորովածի և «Օձունի գանձեր» փառատոնները լավագույնս ներկայացնում են հայկական խոհանոցն ու մշակույթը: Ապրեսյանը սոցիալական փաթեթի շահառուներին հորդորեց օգտվել այդ հնարավորություններից ու հանգստի կազմակերպումն իրականացնել այդ տարբերակով:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, խոսելով 7-րդ անգամ անցկացվող Խորովածի փառատոնի մասին, նկատեց. «Հետաքրքրությունը մեծացել է Ախթալայի ու փառատոնի նկատմամբ, տարբեր զբոսաշրջային կազմակերպություններ հատուկ տուրեր են կազմակերպում այդ օրը: Ուզում եմ նշել, որ այս տարի սեպտեմբերի երկորդ շաբաթը հայտարարում ենք խորովածի համաշխարհային օր: Ինչպես գիտեք` Ախթալան էլ արդեն հայտարարել ենք Խորովածի մայրաքաղաք»:
Մամուլյանի տեղեկացմամբ` այս տարի փառատոնին մասնակցելու են խոհարարական քննադատներ Ռուսաստանից, ովքեր կլինեն ժյուրի կազմում, ներկա կլինի նաև ֆրանսահայ հայտնի շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանը:
«Խորովածի փառատոնի տարածքում լինելու են տարբեր տաղավարներ, այդ թվում` արվեստ, արհեստ, և, բնականաբար, խորոված ներկայացնող տաղավարներ: Արդեն մոտ 22 թիմ գրանցվել է մասնակցության համար: Նրանց թվում ռեստորաններից, հասարակական կազմակերպություններից, առանձին անհատներից կազմված խմբեր են»,-տեղեկացրեց Սեդրակ Մամուլյանը` հավելելով, որ այս տարի ավելի լավ է ներկայացված համայնքը, կան անհատներ գյուղերից, ովքեր ցանկություն են հայտնել պատրաստել ու վաճառել իրենց բնամթերքն ինչպես փառատոնի ձևաչափն է թելադրում:
Սեդրակ Մամուլյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ Խորովածի փառատոնը թույլ է տալիս մասնակիցներին խորովածի պատրաստման յուրահատուկ լուծումներ գտնել: «Հանրային սննդի զարգացման խնդիր է լուծվում նաև, այս կամ այն նորությունը ներդրվում է ռստորանային բիզնեսի մեջ»,-նշեց նա: Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ պատրատվում են լույս ընծայել փառատոնից ստացված բաղադրատոմսեր ներառող երկրորդ գիրքը:
The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ով զբաղվում է փառատոնի գեղարվեստական մասի հարցերով, տեղեկացրեց, որ կրկին հայ խոհանոցի ներկայացումը զուգորդվելու է մշակութային տարբեր լուծումների հետ: «Կլինեն նկարչություն ու երաժշտություն: Բեմում տարբեր կատարողների կողմից հնչելու են ժողովրդական երգերից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող երգեր, կլինեն ժողովրդական պարեր: Տոմատով նկարչության մրցույթ կանցկացվի»,-փառատոնի մշակութային մասը ներկայացրեց երգիչը:
Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանն էլ ներկայացրեց «Օձունի գանձեր» 4-րդ փառատոնի մանրամասները: ««Օձունի գանձեր»-ը վայրի խոտաբույսների ու հատապտուղների հավաքման շուրջ է կենտրոնացած, որը ներկայացվում է այցելուներին: Փառատոնն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և մեր ջանքերով:
Այս տարի ցանկանում ենք նոր շունչ տալ փառատոնին: Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից գալու են իրենց արտադրանքը ներկայացնելու: Կարևորն այն է, որ յուրաքնաչյուր տարածաշրջան ներկայացնում է իրեն բնորոշ բնամթերքը, արվեստի ու արհեստի գործերը»,-ասաց Զոհրաբ Մինասյանը` հավելելով, որ Օձունում գեղարվեստական մասը կապահովեն Երևանի, ինչպես նաև մարզերի համույթները:
«Օձունի գանձեր» փառատոնին մասնակցելու է 15 գյուղ Կոտայքից, Լոռուց, Շիրակից: Փառատոնի ժամանակ կլինի լարախաղաց, ինչպես նաև օղի թորելու գործիք, ու մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու այդ գործընթացը: «Ամբողջ շահույթը գնալու է իրենց համայնքների զարգացմանը: Կարևոր է նշել, որ փառատոնը մարդկանց իրար շուրջ համախմբելու առիթ է, երբ կարևորվում է բնության տվածը»,-փաստեց Զոհրաբ Մինասյանը` ավելացնելով, որ իրենք աջակցել են մասնակիցներին իրենց արտադրանքը յուրահատուկ ձևով փաթեթավորելու և այցելուներին ներկայացնելու հարցում:
Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Դավթյանի խոսքով` «Օձունի գանձեր» փառատոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ ներգրավված է ֆրասնիական համայնքը: Անահիտը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին, որն ապահովել է համայնքների համաչափ ներգրավվածությունը միջոցառմանը:
Երկու փառատոններին մասնակցել ցանկացողների համար գործելու է հետևյալ երթուղին. Երևանի Հանրապետության հրապարակից ժամը 8:00-ին մեքենաները կշարժվեն դեպի Լոռի, Ալավերդիում փոքր միջոցառում կկայանա, որից հետո Օձունում կկայանա «Օձունի գանձեր» փառատոնը, ապա այցելուները կմեկնեն Ախթալա` մասնակցելու Խորովածի փառատոնին: Երեկոյան կկազմակերպվի հյուրերի վերադարձը: