Նիգերիայում ազատել են «Բոկո հարամ»-ի շուրջ 180 պատանդների, հիմնականում կանանց ու երեխաների
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի զինված ուժերը հայտարարել են, որ ազատել են «Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալների գերության մեջ գտնվող շուրջ 180 պատանդների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նիգերիական բանակի մամուլի ծառայությանը:
178 փրկվածներից տասը տղամարդիկ են, 67-ը՝ կանայք եւ 101-ը՝ երեխաներ:
Գործողության ընթացքում հաջողվել է գերի բռնել «Բոկո հարամ»-ի դաշտային հրամանատարներից մեկին: Բացի այդ, զինվորականները ոչնչացրել են իսլամիստ զինյալների մի քանի ոչ մեծ ճամբարներ:
AMmnesty International-ի տվյալներով՝ «Բոկո հարամ»-ի զինյալների հարձակումների զոհ է դարձել առնվազն 17 հազար մարդ: Բացի այդ, խմբավորումը հայտնի է դպրոցներից հարյուրավոր երեխաների առեւանգումներով: Այդ կերպ զինյալները փորձում են խանգարել նրանց՝ ստանալու աշխարհիկ կրթություն: Հիմնականում առեւանգումների օբյեկտ են դառնում աղջիկները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում