Հասարակական

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում սկսել են ճնշել հայերին. հայ ընտանիքին զրկել են նպաստից

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին  ընդառաջ Թուրքիայում սկսել են ճնշել հայերին.  հայ ընտանիքին զրկել են նպաստից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիայում սկսել են ճնշել հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, Թուրքիայում հայերի դեմ ճնշումների ալիքը բարձրացել է, երբ ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915 թվականին հայերի դեմ կատարվածն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Կայքը հայտնում է, որ Պապի հայտնի ելույթից հետո Թուրքիայի Ադանա (պատմական հայկական քաղաք Դաշտային Կիլիկիայում) քաղաքի Դումլույան գյուղի 59-ամյա Վաննիս Չեթինյանի միակ հայկական ընտանիքը զրկվել է նպաստից:

Ընտանիքին նպաստից զրկած տեղական իշխանությունները հայտարարել են. «Սրանից հետո գնացեք նպաստ ստացեք հայկական սփյուռքից»: Կայքը հայտնում է, որ պապի ելույթից հետո նաեւ աշխատանքից զրկվել է ընտանիքի միակ կերակրողը` Չեթինյանը, քանի որ գյուղի մահմեդական բնակչությունը հրաժարվել է օգտվել գյուղատնտեսական աշխատանքներում նրա ծառայություններից:

Չեթինյանը կայքին պատմել է, որ գյուղի դպրոցում, որտեղ հաճախում են իր երկու որդիները, վիրավորում եւ հոգեբանական ճնշումների են ենթարկում նրանց: Երեխաներին ապօրինաբար ստիպում են հաճախել իսլամի դասաժամերին եւ «գյավուր» (անհավատ) են անվանում:

Չեթինյանը պատմել է, որ Ցեղասպանությունից հետո գյուղի հայ բնակչության մեծ մասը գաղթի ճանապարհին սպանվել է, մի մասը հասել է արտասահման, իսկ մի փոքր մասն էլ, կյանքը փրկելու համար, մահմեդական հավատք է ընդունել:

Չեթինյանների ընտանիքը գյուղի միակ հայ ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել: Գյուղի հայկական եկեղեցին ավերելու պատճառով, նրանք հաճախում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված` տեղի մահմեդական բնակչությունն ավելի ագրեսիվ է դարձել նրանց նկատմամբ եւ իշխանությունների թողտվությամբ ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսեւորում: Հայ ընտանիքը հայտնվել է սոցիալական եւ հոգեբանական ծանր պայմաններում: Նրանց միակ ցանկությունը խաղաղ եւ սեփական մշակույթով ապրելու հնարավորություն ունենալն է», -գրում է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում