Մարզային

Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները մինչ օրս ունեցել են ավելի քան 70 հազար շրջանավարտ

5 րոպեի ընթերցում

Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները մինչ օրս ունեցել են ավելի քան 70 հազար շրջանավարտ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնը մարտի 1-ից սկսել է ռուսաց լեզվի անվճար ուսուցման եռամսյա դասընթացները հանրապետության հինգ կենտրոններում ` Երեւանի, Արտաշատի եւ Գյումրիի «Ռուսական գրքի տներում», Հայաստանի ազգային ակադեմիայում եւ ԱԺ-ում գործող հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում: Անվճար դասընթացների ընթացքում, որոնք անցկացվում են վեց տարին լրացած բոլոր ցանկացողների համար, ուսուցանվում է խոսքի զարգացում, ամենափոքրիկների համար տառերի ուսուցում, մեծահասակների համար` կլոր սեղաններ, քննարկումներ, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Ուսուցման ավարտին տրվում են վկայականներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Լուիզա Գումրոյանը նշեց, որ դասընթացներ են կազմակերպվում նաեւ բուհերն ավարտած մասնագետների համար, ովքեր մասնագիտական ռուսերենը զարգացնելու կարիք ունեն: Օրինակ` դասընթացներում ընդգրկված են լրագրողներ, բժիշկներ, դպրոցներում այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներ եւ ուրիշ մասնագետներ: Կարեւորելով դասընթացների անցկացումը՝ Գումրոյանն ընդգծեց՝ քանի որ հանրակրթական դպրոցներում այսօր ռուսաց լեզուն անցնում են շաբաթական երկու դասաժամով, իսկ ավագ դպրոցներում` մեկ, յուրաքանչյուր եռամսյակում ուսուցման համար իրենց են դիմում ավելի ու ավելի շատ ցանկացողներ:

Ուսուցման շրջանակում անցկացվում են նաեւ օլիմպիադաներ, որոնց հաղթողները շրջագայության են մեկնում Մոսկվա: Դեկտեմբերին օլիմպիադայի մինչեւ 18 տարեկան հաղթող 10 մանակցիցները մասնակցել են կրեմլյան ամանորյա միջոցառմանը: Նախորդ տարի հաղթողները ներկա են եղել մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված շքերթին: Յուրաքանչյուր անգամ օլիմպիադաներ են կազմակերպվում տարբեր թեմատիկայով. ռազմահայրենասիրական երգի, հայ-ռուս բարեկամական կապերի ամրապնդման, նկարչական եւ այլն:

Գումրոյանը կարեւորեց նաեւ մասնագետների ընտրությունը, ովքեր դասավանդում են խմբերում. նրանք վերապատրաստված եւ դիպլոմավորված ուսուցիչներ ու դասախոսներ են: «Մեր դասընթացների որակը եւ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պարբերաբար կազմակերպում ենք նաեւ ուսուցիչների ու դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ, որոնք վարում են Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի առաջնակարգ մասնագետները»,-ընդգծեց նա՝ այդ հանդիպումների եւ դասախոսությունների ընթացքում կարեւորելով դասավանդման նոր մեթոդների եւ փորձի փոխանակման փաստը:

Երեւանում, Արտաշատում եւ Գյումրիում 2011 թվականին բացված «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոններում այսօր առկա է ռուս ժամանակակից եւ դասական գրողների, պատմամշակութային, գիտահանրամատչելի, մանկական ավելի քան 60 հազար ընտիր գրքեր, որոնք բերվել են ՌԴ-ից: Խոսելով անվճար դասընթացներ բացելու գաղափարի մասին՝ Գումրոյանը շեշտեց, որ այն հղացել են այն ժամանակ, երբ գրքասեր հասարակայնությունը, լինելով Գրքի տներում, հավանում էր այս կամ այն գրականությունը, սակայն ռուսաց լեզվի հետ կապված խնդիրներ ունենալով` չէր կարողանում օգտվել դրանցից: «Կարելի է ասել, որ գաղափարը ծագեց հենց այդտեղից. հաճախորդն ինքն առաջարկեց սկսել մի այնպիսի ծրագիր, որն արդեն երրորդ տարին է իրականացնում ենք ամեն եռամսյակում»,-ասաց նա:

Հանրապետությունում այսօր կան ռուսաց լեզվի եւ մշակույթի 103 կենտրոններ, որոնցից այս պահին միայն հինգում են իրականացվում ծրագրերը: Մինչ օրս դասընթացներին մասնակցել են ավելի քան 70 հազար շրջանավարտ: Կենտրոնները հանրապետությունում բացվել են «Ռազմավարական զարգացման ինստիտուտի» գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Նրա որոշմամբ` ապրիլի 20-23-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ եւ տարաբնույթ միջոցառումներ` կենտրոնների սաների մասնակցությամբ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում