Տարածաշրջանային

Ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Դիարբեքիրի հրապարակներում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով կոչեր կհնչեն

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Դիարբեքիրի հրապարակներում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով կոչեր կհնչեն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 6 կազմակերպությունների կողմից ստեղծված «Վերջ 100-ամյա ժխտմանը նախաձեռնությունը» ծրագրել է ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Դիարբեքիրի հրապարակներում «Ճանաչիր, ներում հայցիր, կարգավորիր, փոխհատուցիր» պահանջով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ անցկացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով bianet.org կայքը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների նախաձեռնողները մեկնարկելու են հայ մտավորականների ձերբակալության վայր՝ ներկայիս Թուրքական եւ իսլամական ստեղծագործությունների թանգարանից: Այդտեղից երթով շարժվելու են դեպի Հայդարփաշայի երկաթուղային կայարան, այնուհետեւ այցելելու են թուրքական բանակում զինծառայության ընթացքում հայ լինելու համար սպանված Սեվակ Բալըքչըի գերեզման: Երթն ավարտվելու է երեկոյան Թաքսիմ հրապարակում:

Դիարբեքիրում նախաձեռնության երթը սկսվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից: Հայոց ցեղասպանության զոհերի զավակները եւ թոռները հիշատակելու են Ցեղասպանությանը զոհ գնացած հայ եւ ասորի նահատակներին:

Նախաձեռնության հեղինակներն են «Անատոլու մշակույթի եւ հետազոտությունների միությունը» (AKA-DER), Մարդու իրավունքների կազմակերպության (IHD) Ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր Զարթոնք»-ը, «Թուրաբդին ասորական միությունը», «Առերեսման պլատֆորմը», «Զան սոցիալքաղաքական տնտեսական հետազոտությունների հիմնադրամը»: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Լոնդոնի «Կոմիտասի ինստիտուտը», Եվրոպայի հայկական կոմիտեն (Armenian Council of Europe) եւ Փարիզի Collectif Van նախաձեռնությունը:

Անկացվելիք ակցիաներից հետո կազմակերպիչները եւ մասնակիցները Եեկու քաղաքներում էլ հանդես կգան բացօթյա հրապարակային մամուլի ասուլիսով:

Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ Ցեղասպանության ճանաչման համար եւ ժխտման դեմ իրենց պայքարը չի ավարտվելու ոչ 2015 թվականի ապրիլի 24-ին, ոչ էլ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում