Տարածաշրջանային

Էրդողանը մի քանի ժամով մենկնել է Իրան

2 րոպեի ընթերցում

Էրդողանը մի քանի ժամով մենկնել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճատեւ այցով այսօր տեղական ժամանակով 10:40-ին ժամանել է Իրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը Թեհրան է մեկնել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական հրավերով: Նրան ուղեկցում են Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, մաքսատների եւ առեւտրի, զարգացման, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարները:

Էրդողանը Թեհրանում կմասնակցի թուրք-իրանական Բարձր մակարդակի գործարար համաժողովի երկրորդ հավաքին: Ենթադրվում է, որ Էրդողանը կհանդիպի Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլահ Սեիդ Ալի Խամանեի եւ նախագահ Ռուհանիի հետ:

Այցի ընթացքում Թուրքիայի եւ Իրանի միջեւ կարծիքներ կփոխանակվեն երկկողմանի հարաբերությունների բոլոր տեսանկյունների եւ տարածաշրջանային ու միջազգային թեմաների շուրջ:

Էրդողանը Անկարա կվերադառնա այսօր երեկոյան:

Եմենում զարգացումների հետ կապված՝ Էրդողանը քննադատության էր ենթարկել Իրանին եւ Թեհրանին մեղադրել տարածաշրջանում գերիշխանության ձգտելու մեջ: Այս հայտարարություններից հետո Իրանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ Էրդողանին կոչ էին արել Իրան չգալ եւ պահանջել էին հետ վերցնել Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքները:

Լուսանկարը`aa.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում