Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մի լուսանկարչի պատմություն». լուսանկարելիս Նազիկ Արմենակյանը չի խախտում ոսկե օրենքը

«Մի լուսանկարչի պատմություն». լուսանկարելիս Նազիկ Արմենակյանը չի 
խախտում ոսկե օրենքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարչությունն ամենօրյա վարժանք է, դու միշտ պետք է լինես լավ «մարզավիճակում», կադր որսալիս էլ` հիշել` դու կարող ես լինել դիմացինի դերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է շատ կին լուսանկարիչների համար ճանապարհ հարթած լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «մի լուսանկարչի պատմությունը»:

Կին լինելը օգնեց, բայց և լրացուցիչ դժվարություններ ստեղծեց լուսանկարչի կարիերան սկսելիս

Ինձ համար անակնկալ ձևով է լուսանկարչությունը մասնագիտություն դարձել, որովհետև ես հանգուստի ձևավորում էի սովորում և շատ ուզում էի մոդելավորող դառնալ, մինչև հիմա էլ նորաձևությունը շատ է հետաքրքրում: Հետո հայրս «Զենիթ» լուսանկարչական սարք նվիրեց ինձ. դիմանկարներ էի անում հարևաններին, ընկերներիս, ամեն օր նկարում էի: Այն  ժամանակ ժապավենով էի նկարում ու ինձ շատ հետաքրքրիր էր, թե ինչպես է այդ անորոշությունից լուսանկարը դուրս գալիս: Հետո շրջադարձային եղավ:

Ամուսնացել էի, Թիֆլիսում էինք ապրում, հետո վերադարձանք Երևան, հարևաններից մեկն ասաց` «բա գիտես հայտարարություն եմ լսել, ստուդիայում աղջիկ լուսանկարիչ են ուզում»: Ասացի գնամ` փորձեմ բախտս, 10-15 աղջիկ էին եկել, լուսանկարիչն ինձ ընտրեց: Ես գնացի աշխատելու ստուդիայում, մի տարվա չափ այնտեղ աշխատեցի, հետո Զավեն Խաչիկյանն «Արմենպրես» եկավ (նրա մոտ արդեն նախկինում լուսանկարչության կուրս էի անցել) ու առաջարկեց այնտեղ աշխատել: Երկմտում էի, բայց գնացի: Շատ ծանր ժամանակահատված էր, միաժամանակ շատ ակտիվ էր, այն լավ դպրոց էր` ամեն ինչի առումով: Հիմա չեմ պատկերացնում` նորությունների դաշտում ոնց պիտի աշխատեմ, բայց այն ժամանակվա տեմպը, արագությունը, արագ կողմնորոշվելը, արագ նյութը բերել-տալը, մրցակցությունը, շատ ոգևորիչ էր: Ես կարծես իմ տարերքի մեջ էի, ինձ լավ էի զգում, հետո գործընկերներս զգացին, որ կարողանում եմ աշխատել (ծիծաղում է): Որովհետև սկզբում ասում էին` ինչի ես եկել, այդպիսի բան չկա, աղջիկը չի կարող այդքան բան անի: Ամուսինս էր դժգոհում, բայց հայրս ասում էր` ինքը կարող է: Ֆոտոլրագրության մեջ գրաֆիկը ճշտված չի. չգիտես` երբ ես տուն գնալու, աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը պահելը շատ դժվար է:

Զգացի, որ նորությունների ու ստուդիաների լուսանկարիչ չեմ

Միաժամանակ հասկանում էի, որ ուրիշ բան եմ ուզում: Լուսանկարչությունն ինքնին շատ բազմաշերտ է ու տարբեր ժանրեր ունի, ես մտածում էի լուսանկարչությունում իմ ասելիքը որն է: Կովկասյան ինստիտուտը Ֆոտոժուռնալիստիկայի կուրսեր արեց, ես առաջին փորձնական կուրսի ավարտողներից էի: Իննամսյա կուրս էր, որի ժամանակ առաջին անգամ շատ մանրամասն ծանոթացրին ֆոտոժուռնալիստիկային, համաշխարհային փորձին, լավ ուսուցում էր ու ինձ թվում է` դա ինձ համար շրջադարձային եղավ:  «Երևան» ամսագիր ընդունվեցի աշխատանքի «Արմենպրես»-ից հետո, համագործակցում էի «Ռոյթերս»-ի հետ որպես տարածաշրջանային թղթակից: Կովկաս ինստիտուտում արդեն մի ֆոտո էի արել, որ հետո դարձավ իմ առաջին երկարաժամկետ նախագիծը:

Կուրսերի ժամանակ մեզ առաջադրանքներ էին տալիս ու այնպես ստացվեց, որ ես գտա Հայոց ցեղասպանությունը վերապրողներից մեկին, ով հարյուրամյա մի տատիկ էր:

Ես գնացի նրանց տուն, առաջադրանքը հարաբերությունները ցուցադրելն էր:  Ես էլ լուսանկարի միջոցով ցուցադրեցի այդ մարդու հարաբերությունը ժամանակի հետ, նրա անցած ճանապարհի հետ: Լուսանկարը շատ տեղեր տպվեց ու տարածվեց, ես զգում էի, որ այն մարդկանց վրա մի ուրիշ ազդեցություն է թողնում: Չգիտես ինչի միտք առաջացավ, որ էլի գտնեմ այդպիսի մարդկանց ու նկարեմ: Իմ ամբողջ լուսանկարչական ճանապարհի մեջ, որն արդեն բավական երկար է, մի հետաքրքիր բան կա, որ գրեթե ամեն ինչ ստացվել է: Այսինքն` շատերն ինձ ասել են, որ նպատակասլաց ես, աշխատասեր ես, բայց պետք է ասեմ, որ ինքնաբերաբար է ստացվել, ինտուտիվ, զգալով:

Լուսանկարչությունը շուրջն ամեն ինչ տեսնելու ամենօրյա վարժանք է

Լուսանկարչությամբ զբաղվելը չի նշանակում ունենալ միայն տեխնիկա ու վերջ, այն շատ ծանր աշխատանք է, վարժություն է ամեն օր: Բայց այն կրթվածության, ինքնազարգացման մեծ ռեսուրսներ է պահանջում: Տեխնիկան շատ արագ է փոխվում ու ամեն տեխնիկայով կարելի է ստանալ լավ բաներ, բայց ավելի կարևոր է ասելիքը:

Ես հասակացա, որ ուզում եմ ժամանակ ունենալ հետաքննելու, հասկանալու, մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու: Զուտ նկարելու պրոցեսը շատ-շատ հետ է գնում, ավելի շատ ժամանակ եմ ծախսում մարդկանց հետ խոսելու, հարաբերություններ և վստահություն ձևավորելու վրա: Իրականում, դու ինչ-որ բան լուսանկարելով, հարաբերություններ ստեղծող ես, դառնում ես կամուրջ, որի վրայով մյուսները կարող են քայլել, դրսի մարդիկ կարող են գալ այդ աշխարհ: Մյուս կողմից էլ` շատ խոցելի է, դու էլ մարդ ես ու այդ ամենը կարող է քեզ հետ լինել: Ես միշտ նկարելուց, հատկապես բարդ թեմաները, որոնք տաբու են, ընդունված չէ խոսել դրանց մասին, շատ զգույշ եմ լինում: Նման տեսակի պատկերներ առաջ բերելն ու հանրությանը ցույց տալը մեծ հերոսություն է պահանջում: Ինչքան էլ խոսենք, թե մեր մտածելակերպը փոխվել է, չպետք է մոռանանք, որ ապրում ենք հետսովետական մի երկրում, ուր կարծրատիպեր կան: Կան բաներ, որոնք մարդիկ չեն ուզում տեսնել, լսել ու «չպետք է»-ներ կան:

Իմ երկրում շատ բան ունեմ բացահայտելու

Ամեն ինչ պետք է լուսանկարվի, պետք է վավերագրվի, հարց է, թե ինչպես ու ինչու, երբ, որտեղ: Ինձ հետաքրքիր է Հայաստանն ինքնին` իր խնդիրներով, իր մարդկանցով, ամեն ինչով: Ես գտնում եմ, որ իմ երկրնում շատ բան ունեմ բացահայտելու: Եթե վավերագրական նախագիծ ես իրականացնում, դու պատմության համար գործ ես անում: Այդ առումով, ես միշտ այն թեմաներին եմ մոտենում, որոնք ինձ հուզում են:

Ես ինձ միշտ զերծ եմ պահում սոցիալական աշխատողի վերածվելուց: Հենց որ դու ձեռք ես մեկնում, ակտիվիստ ես դառնում, փորձում ես մարդկանց օգնել, դու կորցնում ես քո լուանկարիչ լինելու պոտենցիալը, որովհետև մարդիկ քեզ այլևս չեն ընկալում մի մարդու, ով  պետք է իրենց լուսանկարի: Այդ դեպքում նրանք քեզ ավելի շատ համարում են օգնող, արտաքին աշխարհից լուր բերող-տանող, միջորդ:  Բայց և այնպես լուսանկարչության ուժը փոփոխությունն է, ու ես շատ ուրախանում եմ, երբ իմ աշխատանքները փոփոխության պատճառ են դառնում: Նույնիսկ երբ ներգատիվ  փոփոխություն է առաջանում` մարդիկ սկսում են վատաբանել, հերքել լուսանկարի իրականությունը, բայց դա էլ փոփոխություն է: Այսինքն` դու ցույց ես տալիս, մարդիկ սկսում են մտածել, իսկ որտեղ դիսկուսիա կա, ուրեմն այնտեղ շարժ կա: Եվ բացի փոփոխություն բերելուց, լուսանկարները նաև պետք է կրթեն` չնայած շատ ժանանակ է պետք մարդկանց գիտակցությունը փոխելու համար:  

Լուսանկարելիս Նազիկ Արմենակյանի ոսկե օրենքը

Որքան էլ լավ կադր տեսնեմ, ես երբեք չեմ նկարում, եթե մարդը չի ուզում: Այն ինձ համար ոսկե օրենք է, որովհետև այդ մարդը կարող եմ լինել ես: Ուրիշ բան է, որ դու կարող ես այդ մարդու հետ լեզու գտնել: Իրավիճակներ կան, որ պետք է այդ մարդու հետ սգալ, լացել ու չմտածել կադրի մասին: Եղել են պահեր, երբ մարդու հետ ապրել եմ ունիկալ պահ, որը ես ավելի եմ գնահատում, քան որ հեռանայի ու մի անկյունից կադր ստանայի: Զգուշավորությունը, ինչու չէ ուրիշների ցավով ապրելը, շատ կարևոր է, բոլորը դա զգում են: Միևնույն ժամանակ ես շատ գնահատում եմ դիստանցիան, որովհետև եթե շատ ես մոտենում, կարող ես միանգամից կորցնել:

Սիրելի լուսանկարները հիշողություն պիտի արթնացնեն

Կան լուսանկարներ, որոնք շրջադարձային են, դրանք իմ մեջ պահպանվել են ոչ թե նրա համար, որ ես ուղղակի լավ կադր եմ ստացել, այլ որ այդ լուսանկարի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Լուսանկարները ընտրելու մոտեցումները փոխվում են, եթե տասը տարի առաջ դու ընտրում ես մի բան, ապա հետո 180 աստիճանով փոխվում է ընտրությունը:

Իհարկե, կան լուսանկարներ, օրինակ Ռեմելայինը, որին նույն ձևով ես վերաբերում, ամեն անգամ նույն զգացողություններն ես ունենում: Այս լուսանկարում ոչինչ չկա, որ կուզեի փոխել, այն ստացված է ինձ համար թե իր լուսանկարչական, թե իր հոգեբանական իմաստով: Իմ այն լուսանկարները, որոնցով ես ապրում եմ, որոնք ես ամեն օր հիշում եմ, դրանք կապված են ինձ հետ, ես էլ կապ ունեմ այդ լուսանկարների հետ: Երբ ես ստանում եմ ինչ-որ լուսանկար, որը ինձ հուզում է, այն երկար մնում է իմ մեջ:


Ոնց որ մեր ընտանեկան ալբոմներում կան լուսանկարներ, որոնց հետ շատ ուժեղ կապ ենք զգում: Ուրիշ հարց է, երբ դու լուսանկարչական խնդիր ես լուծում, բայց դա երկրորդական ու երրորդական է դառնում, երբ դառնում ես կրթված մասնագետ, ես հիմա ավելի շատ կարևորում եմ հուզական մասը:

Սիրում եմ, երբ հասունանում է նկարելու պահը

Լավ հիշում եմ մի անգամ «Երևան» ամսագրով գնացինք Թբիլիսի, նկարիչ Գայանե Խաչատրյանի հետ հարցազրույց պետք է անեինք: Նրա տուն գնացինք, ներս մտանք, համաձայնեց հարցարույցին, ես էլ ասացի` լուսանկարիչն եմ, ասաց` ինչ լուսանկարիչ, ոչ, երբեք, ոչ մի նկար… հենց սկզբից: Ես էլ մտածում եմ` ինչ պիտի անեմ, որ լուսանկարեմ, եկել-հասել ենք Թիֆլիս: Նստեցինք, խոսեցինք, լրագրողը հարցազրույցն է անում, ես ուշադիր կողքից լսում եմ: Մութն ընկնում էր, ասաց` «տենց էլ մեկը չկա, որ իմ լամպը փոխի», ասացի` ես կարող եմ: Կանգնեցի, փոխեցի, հետո նկարներից հարցրեցի, ընտանեկան ալբոմը բերեց, նայում էի (շատ եմ սիրում հին լուսանկարներ), ասացի` այստեղ Փարաջանովի հետ եք: Խոսակցությունը շատ բան տվեց, հետո ինքը նայեց ինձ ու ասաց` «ինչ-որ մեկին նման ես»: Հետո ասաց, որ պիտի հանգստանա: Այնքան լավ եմ հիշում այդ պահը, էլի ունիկալ պահերից է:

Նա գնաց ու հետ եկավ հագուստը փոխած, հարդարված: Մեծ էտյուդնիկ ուներ տան մեջտեղում, կանգնեց կտավի կողքին ու ասաց` «կարող եք», ես հիշում եմ, որ հասկացա, թե ինչ է ուզում ասել, այսինքն` դա ինձ համար ազդանշան, այդ պահին ես պատարստ չէի, ցրված կանգնել էի, բայց մի վայրկյանում հավաքվեցի, երկու թե երեք կադր արեցի, որովհետև ինքն ինձ այդքան ժամանակ տվեց, բայց այդ մեկ կադրի մեջ այնքան բան կա, որովհետև դու ունեիր այդ թույլտվությունը:

Ոչինչ էլ անհասանելի չէ, եթե հետևողական ու ճիշտ աշխատանք ես տանում: Ես հետո ապրում եմ դրանցով:

Պատրաստեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]