ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ողջունում է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ողջունում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին նա արձանագրեց, որ քաղաքական մշակույթի եզակի դեպքերից է, երբ քաղաքական սպեկտրի հակադիր բևեռներում գտնվող ուժերը կարողացել են միասնական տարբերակով ներկայանալ: «Սա ցույց է տալիս, որ կան հարցեր, որտեղ պետական, ազգային շահը պետք է գերակայի կոնյունկտուրային և կուսակցական շահերին»,- «Արմենպրես»-ի հղորդմամբ՝ հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի օրակարգում էր ներառվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը: Այն միասնական էր, մշակվել էր հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում