Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ջրառատում բացվեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Ջրառատում բացվեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի 
մարզադպրոցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցավ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրը պատմական և հիշարժան է համարում Ջրառատի համար։

«Քիչ հետո իր գործունեությունը կսկսի Ռիո դե Ժանեյրոյի և Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անվան այս մարզադպրոցը։ Սիմոն Մարտիրոսյանը մարզվել է մեկ այլ շենքում, որի պայմանները, մեղմ ասած, այդքան էլ բարվոք չեն եղել։ Ես պատկերացնում եմ, թե ինչ նվաճումների կհասներ նա, եթե այսպիսի պայմաններ ունենար։ Տա Աստված, որ մի քանի տարի հետո Հայաստանի կառավարությունը ստիպված լինի կառուցել նորանոր մարզադպրոցներ՝ ի պատիվ այս դպրոցի և այլ դպրոցների աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ դարձած ու Հայաստանի Հանրապետության անունը բարձր պահած մեր մարզիկների։ Բարի երթ և մեծ հաղթանակներ»,-ընդգծեց Կարեն Գիլոյանը։

Սիմոն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մարզադպրոցի բացման արարողությանը ներկա գտնվելու համար։

s1.jpg (90 KB)

«Այն ժամանակ, երբ փոքրիկ Սիմոնը գալիս էր մարզադպրոց մարզվելու, այնտեղ չկար ոչ ջեռուցում, ոչ ջուր: Այդ պատճառով բազմաթիվ խոստումնալից երեխաներ չկարողացան մարզվել, չշարունակեցին և չդարձան Սիմոն Մարտիրոսյան։  Այս մարզադպրոցը մեծ կարևորություն ունի։ Շնորհակալ ենք բոլորից, պարոն վարչապետ, այսպիսի պատվի արժանացնելու համար։ Մեզնից էլ հասնում է, որ մենք օլիմպիական խաղերի և Եվրոպայի չեմպիոններ պատրաստենք»,-ասաց  ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին այսօրվա կարևոր իրադարձության առթիվ։

«Առաջին անգամ չեմ գալիս այստեղ, բայց այսօր եկել եմ մարզադպրոցի բացման կապակցությամբ և, կարծես թե, գոհունակության որոշակի աստիճանի հասել ենք, որպեսզի կարողանանք արդեն պաշտոնապես անել այս մարզադպրոցի բացումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը միտք հնչեցրեց, որ կառավարությունը ստիպված կլինի նորանոր մարզադպրոցներ կառուցել մեր օլիմպիական չեմպիոնների անունով։ Ուզում եմ ասել, որ դպրոցները այսպես թե այնպես կառուցելու ենք, հարցն այն է՝ ում անունը կկրի, այստեղ է նրբությունը։

Ուզում եմ վերստին հաստատել  կառավարության հանձնառությունը, որ բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով նրանց անունը կրող և հենց նրանց սպորտաձևի ուղղությամբ կամ գուցե ավելի լայն մասնագիտացված մարզադպրոցներ կկառուցենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 s2.jpg (84 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am