ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահականից արձագանքել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Հայոց ցեղասպանության 100-ի պետական հանձնաժողովի 5-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նա հայտարարել է, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»: «Թուրքիային և Հայաստանին հետաքրքրող պատմական ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար մեր հարգարժան նախագահը 2005 թվականին կոչ արեց հիմնել «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով»: 2009 թվականին նպաստեց արձանագրությունների ստորագրմանը, որոնք կարգավորելու էին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Որպես նույն խաղաղարար և կառուցողական դիրքորոշման շարունակություն՝ 2014 թվականի ապրիլի 23-ին բոլոր հայերին ուղղված ցավակցական ուղերձ հրապարակեց: Այս համարձակ քայլերով հստակ վերաբերմունք դրսևորվեց 1915 թվականի ցավը շահագործող քաղաքականությունների դեմ: Սակայն Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկած բոլոր քայլերն անպատասխան թողեց»,- հայտարարել է խոսնակը՝ հավելելով, որ նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին:
Քալընը, այդուհանդերձ, հավելել է, որ «չնայած ծայրահեղական խմբերի գործողություններին՝ հնագույն թուրք-հայկական բարեկամությունն ու պատմական ընկերակցությունը շարունակվելու են»: «Հայաստանի ղեկավարության և ատելությամբ լի խոսքերը ցույց տվեցին, որ նրանք ի զորու չեն հասկանալ Չանաքքալեի պատերազմի գաղափարը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը՝ հավելելով, որ Չանաքաալեի 100-րդ տարվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են ամենաբարձր մակարդակով: