Սուրբ Սարգսի տոնը նշող երիտասարդներից մեկը սիրո անակնկալ խոստովանություն է արել
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանաբնակ և Սիրիայից Հայաստան հայրենադարձված երիտասարդները միասին նշել են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Միջոցառումը կազմակերպել էին Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Միջոցառման համակազմակերպիչ Հայասա Թահմազյանի խոսքով` մի կողմից` իրենք` մի խումբ երիտասարդներով փորձել են պահպանել ազգային ինքնությունը` նշելով մեր մշակույթի մաս կազմող տոնը: «Մյուս կողմից` մենք նպատակ ունեինք աջակցել հայրենադարձված երիտասարդների` հայ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը, նրա ավանդույթները յուրացնելուն և հայասատնյան երիտասարդության ակտիվ մասը դառնալուն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Միջոցառումը բացեց Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը` «Սուրբ Սարգիս» ներկայացմամբ: Այնուհետև երիտասարդները մասնակցեցին թեմատիկ խաղերի ու ստացան տարատեսակ նվերներ: Միջոցառման բոլոր մասնակիցներին բաժանվեցին աղի բլիթներ: Ի զարմանս ներկաների` երիտասարդ տղաներից մեկը սիրո խոստովանություն արեց իրեն ուղեկցող աղջկան:
Բացի այդ` սիրիահայ երիտասարդ տղան կատարեց «Կիլիլիա» երգը տեղաբնակ աղջկա համար:
Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 31-ին նշում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում