Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գավառցի գյուտարար Մարատ Սինանյանն առաջարկում է արեգակնային ջեռուցման նոր ու բացառիկ տարբերակ

Գավառցի գյուտարար Մարատ Սինանյանն առաջարկում է արեգակնային ջեռուցման նոր ու բացառիկ տարբերակ

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակնային ջեռուցման մարտկոցով քսան քառակուսի մետր տարածք ունեցող սենյակում ցերեկային ժամերին հնարավոր է ապահովել մինչեւ 22 աստիճան տաքություն: Դրա համար հարկավոր է ապակյա տուփի մեջ հավաքել մինչեւ 30-40 հատ գարեջրի կամ հյութերի թիթեղյա դատարկ ամաններ եւ ապահովել  օդի մուտքն ու տաքության ելքը ապակյա տուփից:

Սա Գավառ քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ ճարտարագետ Մարատ Սինանյանի գյուտն է, որով էլ ինքը ձմռան ամիսներին ջեռուցում է իր ընդարձակ առանձնատան բնակելի տարածքը: «Գյուտն արել եմ տարիներ առաջ, պատահական մի դիպվածով: Դրսում աշխատում էի, իսկ կողքիս թիթեղյա ամանով լի գարեջուրն էր: Թեքվեցի, որ վերցնեմ ամանը եւ գարեջուր խմեմ, սայթաքեցի ու վայր ընկա՝ դեմքիս ուժեղ այրվածք զգալով: Գարեջրի թիթեղյա տարան այնքան էր տաքացել, որ ձեռքով հնարավոր չէր նրան դիպչել: Մտածեցի, որ գտել եմ ջեռուցման հզոր աղբյուր, մնում էր միայն մեկտեղել թիթեղյա տարաների ավելի շատ քանակություն՝ դրանք տեղավորելով ապակյա տուփի մեջ: Ջեռուցող նորագույն սարքը, որի մեջ մտնում է սովորական օդը եւ դուրս է գալիս ուժեղ տաքությունը, բավական է տեղադրել արեւկող լուսամուտի գոգին, եւ ցերեկվա ընթացքում տվյալ սենյակում ձմռան ամիսներին կապահովվի մինչեւ 22 աստիճան տաքություն: Գյուտը գրանցելու, արտադրություն կազմակերպելու համար չունեմ համապատասխան միջոցներ, առայժմ չեմ գտել նաեւ հովանավորներ, բայց իմ բնակտարածքը ձմռան ընթացքում արդեն ավելի քան 10 տարի տաքացնում եմ այդ սարքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարատ Սինանյանը՝ ցույց տալով նաեւ ջեռուցիչ սարքը:

Ըստ գյուտարարի՝ ինքն առաջինն է եղել Գեղարքունիքի մարզում, ով 2002 թվականին իր առանձնատան կտուրին տեղադրել է իր իսկ ձեռքով պատրաստած արեգակնային ջեռուցման երեք մարտկոց, որոնց միջոցով մինչ օրս տան կարիքների համար օգտագործում է տաքացված ջուր:

Մարատ Սինանյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Գավառ քաղաքի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության ոլորտում՝ ղեկավարելով ճարտարագիտական ոլորտը: Ուսանողական տարիներին զբաղվել է լուսանկարչությամբ, եղել «ԼենՏԱՍՍ»-ի ֆոտոթղթակից, ստեղծել ավելի քան 35 հազար լուսանկար, որոնց մի մասը ժամանակին տպագրվել են ԽՍՀՄ կենտրոնական թերթերում: Նա նաեւ ստացել է երաժշտական կրթություն եւ վարժ նվագում է ջութակ, զբաղվում է գեղանկարչությամբ, արհեստագործությամբ ու բուսաբուծությամբ: Մարատ Սինանյանը բոլորում է իր կյանքի յոթանասուներորդ տարին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]