Հասարակական

Հասարակական կազմակերպությունը մշակել է անապատացման դեմ պայքարի ռազմավարություն

3 րոպեի ընթերցում

Հասարակական կազմակերպությունը մշակել է անապատացման դեմ պայքարի ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն: Սեպտեմբերի 16-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի հանրային քննարկումը: Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ և խնդրով հետաքրքրվածներ:

Կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը կարևորեց անապատացման դեմ պայքարը:«Անապատացումը հողերի դեգրադացիան է չորային պայմաններում: Անապատացումը Հայաստանում խիստ արդիական հիմնահարցերից է, որը վերջին շրջանում ավելի է սրվել՝ կլիմայի փոփոխության հետ կապված: Անապատացումն առավել ընդգծված է գյուղական շրջաններում՝ առավել աղքատ բնակավայրերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մեծ քանակությամբ անտառներ հատվեցին, ինչը նպաստեց սողանքային երևույթների ակտիվացմանը և այլ երևույթների: «Հենց այս հիմնախնդիրների լուծմանն էլ նվիրված է մեր ազգային ծրագիրը, որտեղ նշված են այն հիմնական գործոնները և մինչև 2020 թթ. գործողությունների ծրագիրը»,-նշեց նա:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բնապահպանության նախարարության ազգային փորձագետ Աշոտ Խոյեցյանը վաղուց է ներգրավված անապատացման դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացներում:«Ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է և տարածաշրջանային փորձի փոխանակումը, որը շատ կարևոր է: Հայաստանի՝ բնակլիմայական պայմանների և մարդու անհաշվենկատ բնօգտագործման պատճառով լուրջ խնդիրներ են հայտնվել դաշտում: Դրա դեմ պետք է պայքարել ազգային մակարդակով»,-նշեց նա:

Ծրագիրը ներկայացվելու է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկման և իրականացման համար: «Այն կենթարկվի հանրային լսումների, քննարկումներ կանցկացվեն կառավարությունում, և պետք է հաստատվիԱԺ-ում: Կարող են լինել քննադատություններ, առաջարկություններ, փոփոխություններ: Դա կօգնի, որ փաստաթուղթն ավելի նպատակային դառնա»,- հավելեց Խոյեցյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում