ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի նախկին խմբագրապետ, անվանի հասարակական գործիչ Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակին` այսօր` սեպտեմբերի 15-ին, տեղի կունենա նրա անվան միջազգային մրցանակաբախշությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, մրցանակաբախշության արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան տեղական ժամանակով ժամը 20:22-ին` Ստամբուլի «Ջեմիլ Ռեշիթ Ռեյ» համերգային սրահում:
Մրցանակաբախշության արարողությանը հայերեն կարելի է հետեւել Facebook-ի Hrant Dink Foundation եւ Twitter-ի «hrantdinkaward» էջերում:
Մրցանակաբախշության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են Բասքըն Օրանը, Ժիրայր Լիպարիտյանը, Քեննեթ Ռոթը, Կումի Նաիդոոն, Մարի Կալդորը, Նատաշա Կանդիչը, Օյա Բայդարը եւ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:
Հրանտ Դինքի մրցանակն ամեն տարի տրվում է Թուրքիայի եւ արտասահմանի մեկական քաղաքացու կամ կազմակերպության, որոնք աշխատում են խտրականության, ռասիզմի դրսեւորումների, բռնությունների դեմ եւ ազատ կյանքի համար, ինչպես նաեւ աջակցություն են ցուցաբերում հանուն գաղափարների անհատական պայքար տանող անձանց:
Նախկին տարիներին « Հրանտ Դինք միջազգային պարգեւ»-ին արժանացածների թվում են Ալփեր Գյորմուշը, Ամիրա Հասսը, թուրքական «Խղճի շարժումը», Բալթասար Գարզոնը, Ահմեթ Ալթանը, Լիդիա Կախոն, Իսմայիլ Բեշիկչին, Միջազգային «Մեմորիալ» հանրությունը, Նատաշա Կանդիչը եւ «Շաբաթօրյա կանայք» կազմակերպությունը: Մրցանակաբախշության հանդիսավոր արարողությունը կվարեն Արա Դինքջյանը եւ Արի Հերգելը, ովքեր կհայտարարեն 2014 թվականի մրցանակակիրներին:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին»Ակոս»-ի խմբագրատան առաջ: