Քաղաքականություն

ԼՂ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու միջոցառումներ են իրականացվում. Սերյան Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԼՂ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու միջոցառումներ են իրականացվում. Սերյան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռհային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ԼՂ սահմանին համապատասխան միջոցառումներ է իրականացնում` առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հակառակորդի հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը` պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցադրմանը, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Քարվաճառում և Լեռնային Ղարաբաղի սահմանագծում:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ դիվերսանտների հայտնաբերման միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են և ներթափանցած անձինք հայտնաբերված: «1994 թվականի զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության` դիպուկահարների կրակոցների և դիվերսիոն գործողություննների հետևանքով լարվածություն է առաջացել Լեռնային Ղարաբաղում, իսկ ներկայումս այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահման` Տավուշի մարզ: ԼՂ Պաշտպանության բանակից վերջերես տեղեկություններ հայտնեցին Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ: Վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային, և ՊԲ հրամանատարության կողմից ձեռնարկվել էր նման ներթափանցումները բացահայըտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ: Համագործակցելով նաև Ազգային անվտանգության ծառայության հետ` բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամին, որից հետո համապատասխան միջոցառումներ իրականացվեցին ու բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել էին Քարվաճառում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` ազգաբնակչության մոտ որոշակի մտավախություն է առաջացել, որ Լեռնային Ղարաբաղի 17-ամյա քաղաքացու սպանության մեջ կասկածվում է դիվերսիոն խմբի անդամներից մեկը, ով վերջինն էր հայտնաբերվել: Պաշտպանության նախարարը նշեց, որ բնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է:

Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ.1968 թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլը Ասկերովը (ծնվ. 1960 թ.), եւս մեկ դիվերսանտ` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում