Մարզային

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կվերսկսվեն

2 րոպեի ընթերցում

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կվերսկսվեն

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական կոթողներից մեկի` Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցվել էին նախորդ տարվա աշնանից, կվերսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, 2012 եւ 2013 թվականին եկեղեցին վերականգնվել է նկատելիորեն, կատարվել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, բայց դրանք չեն շարունակվել այս տարվա գարնան վերջին կամ ամառվա սկզբին` եղանակների տաքանալուն զուգահեռ, քանի որ պատմական հուշարձանի վերականգման հովանավորի պարտավորությունը ստանձնած «Աֆինա Պալլադա» կազմակերպությունն ուշացրել էր շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի փոխանցումը: Սակայն, ըստ գյուղապետի հավաստիացման, արդեն հովանավորի կողմից լուծում է ստանում ֆինանսավորման խնդիրը, եւ մոտակա օրերի ընթացքում կսկսվի եկեղեցու վերականգման աշխատանքը:

Իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնող «Լեւգուգ» ՓԲԸ տնօրեն Լյովա Ղուկասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իններորդ դարի պատմաճարտարապետական հրաշալիք հանդիսացող, Սյունյաց Սահակ իշխանի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածինը վերջնական տեսքով վերականգնելու համար դեռեւս հարկավոր է կառուցել թմբուկի գմբեթարդը եւ վեղարը, ամբողջական ծածկերը, հատակը եւ Սուրբ խորանը, կատարել այլ աշխատանքներ: Հանրահռչակ այս հուշարձանի վերականգնումը Նորատուսում եւ Գեղարքունիքի մարզում մեծապես կխթանի տուրիզմի զարգացմանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում