Մշակվում է քեսաբահայերին Հայաստանում ապաստան եւ աշխատանք տալու երկարաժամկետ ծրագրի նախագիծ
5 րոպեի ընթերցում
![Մշակվում է քեսաբահայերին Հայաստանում ապաստան եւ աշխատանք տալու երկարաժամկետ ծրագրի նախագիծ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/06/764442.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քեսաբահայերի աջակցության ծրագրերը նոր դրսեւորումներ են ստանում: Նախաձեռնություններ կան, որոնք ոչ միայն ուղղվում են նրանց օժանդակությանը, այլեւ փորձում են պայմաններ ստեղծել, որ քեսաբահայերն իրենց աշխատանքով կարողանան բարեկեցիկ ապրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Վարուժան Ավետիքյանն ասաց, որ այժմ իրենք համախոհներ են փնտրում, որպեսզի կարողանան օգնել այն քեսաբահայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Կազմվում է առաջարկությունների փաթեթ, որի վերջնական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Նպատակն է, որ սիրիահայը հստակ իմանա՝ պետությունն իրեն ի՞նչ է առաջարկում, եւ ինքը Հայաստան գալով` ինչով կարող է զբաղվել: Այժմ Ավետիքյանը բանակցություններ է վարում հիմնադրամների, առեւտրային կազմակերպությունների եւ անհատների հետ: «Մեկ կազմակերպություն կամ մեկ անձ չի կարող այս գործը միայնակ կատարել: Հայաստան վերադառնալ եւ այստեղ ապրել ցանկացող մեր հայրենակիցներին անհրաժեշտ է ապահովել տանիքով, աշխատանքով, սեփական բիզնեսն սկսելու, ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք ինտեգրվեն եւ կարողանան իրենց կարողություններն ու գիտելիքները ներդնել Հայաստանում»,- ասում է Ավետիքյանը՝ հավելելով, որ Հայաստան գալով սիրիահայը չպետք է հեռանա երկրից: Նա իրեն պետք է զգա քաղաքացի եւ իր ներդրումն ունենա հայրենիքում, այլ ոչ թե մտածի երրորդ երկիր տեղափոխվելու մասին:
Նախաձեռնության անդամներն արդեն ստացել են առաջարկություն «Կոնվերս» բանկից այն մասին, որ պատրաստ են բանկային հատուկ առաջարկություններ եւ ծրագրեր իրականացնել սիրիահայերի եւ քեսաբահայերի վերադարձն ապահովելու համար: Ավետիքյանը բոլոր փակագծերը չի բացում, սակայն հավաստիացնում է, որ գրեթե ամեն օր առաջարկություններ է ստանում կազմակերպություններից, ովքեր անհանգստացած են քեսբահայության ճակատագրով:
Շարունակվում է նաեւ հանուն քեսաբահայերին դրամահավաքի անցկացումը: Հավաքված ավելի քան 22 հազար դոլարն արդեն ուղարկվել է Հալեպ: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» Սիրիայի մասնաճյուղն արդեն բուռն գործունեություն է իրականցնում Լաթաքիայի հայերին օգնություն տրամադրելու համար: «Մի քանի հարյուր ընտանիք դեռ բնակվում են Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում կամ ժամանակավոր տանիք են գտել բարեկամների մոտ: Հետեւաբար, նրանց առաջնահերթ անհրաժեշտ է կացարան, սնունդ եւ դեղորայք: Հաշվարկեցինք, որ չորս հոգանոց ընտանիքի մեկ ամսվա ծախսը կազմում է 600 դոլար՝ բնակարանի վարձակալություն, սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ»,- ասաց Ավետիքյանը: Հանուն քեսաբահայերի աջակցության ծրագիրը ներկայացվում է բոլոր կազմակերպություններին, բանկերին, բարերարներին, անհատներին, որպեսզի քեսաբահայության աջակցությունը լինի համահայկական եւ Կիլիկյան Հայաստանի փոքրիկ անկյունում ծվարած հայերը զգան հայրենիքի ձեռքն ու աջակցությունը:
Shoonch Yoga Studio-ի և Jinishian Memorial Foundation-ի քեսաբահայության օգնության նպատակով կազմակերպված յոգայի բարեգործական դասընթացի հասույթը կազմել է 505.42 ԱՄՆ դոլար: Մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպասվածը, ինչը ենթադրում է, որ ակցիան կլինի շարունակական: Գումարն ամբողջությամբ ուղղվել է քեսաբահայերի օգնությանը:
Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից մարտի 21-ին Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ: Հայաստանում, սփյուռքում գործող բազմաթիվ կազմակերպություններ դրամահավաքներ են սկսել քեսաբահայության համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 63 հազար 060 ԱՄՆ դոլար է տրամադրել քեսաբահայերին:
Հասմիկ Հարությունյան