Հասարակական

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայության աջակցության ֆոնդին

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայության աջակցության ֆոնդին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի և մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի և սիրիահայ ազգաբնակչությանը և պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները և համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանային մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Տեղեկություններ են հաղորդվել, որ նրանց ունեցվածքը թալանվել եւ Թուրքիա է տարվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը եւ բացել է հաշվեհամար: Նվիրատվությունները հնարավոր է ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում