Հայկական աստղագիտության համար տարին բեղմնավոր էր
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Աստղագիտության համար 2013 թվականը հարուստ տարի էր: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին նշեց, որ թեև ակադեմիան իր յուրաքանչյուր տարին ամփոփում է հաջորդ տարվա ապրիլին, սակայն, ընդհանուր գնահատական տալով, ակնհայտ են այս տարի գրանցված հաջողոթյուններն աստղագիտության ոլորտում:
«Աստղագիտությունն այսօր մեր գիտության այցեքարտերից մեկն է աշխարհում: Մենք անցումային շրջանի այս երկու տասնամյակում ունեցանք մեծ դժվարություններ, այդ թվում` նաև գիտության բնագավառում: Աստղագիտության դեպքում դա աստղադիտարանի հետազոտական բազայի դիտակների վերազինումն էր »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ, աստղադիտարանի 2,6 մետր տրամագծով դիտակի մասնակի վերազինումը հնարավորություն կտա կատարել ժամանակակից աստղաֆիզիկային բնորոշ հետազոտական աշխատանք:
«Դիտակի վերազինումը հետաձգվում էր, սակայն այսօր եթե ցանկանում ենք հետազոտություններ անել, ապա հետազոտական բազան պետք է լինի ժամանակակից պահանջներին համապատասխան»,- ընդգծեց ԳԱԱ նախագահը:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործունեությունը ներկայացնելով` աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը նշեց, որ տարվա ձեռքբերումներից մեկն այն է, որ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանը ներառեց «Ազգային արժեքների» շարքում, ինչի շնորհիվ իրականացվեց խոշորագույն` 2.6 մ աստղադիտակի հայելապատումը: «Այդպիսով, «Ազգային արժեքի» կարգավիճակը հաստատվեց նաև դե յուրե: Որոշակիորեն ավելացվեց աստղադիտարանի բյուջեն, ինչը հնարավորություն տվեց փոքր-ինչ ավելացնել նաև աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց Հարությունյանը` տեղեկացնելով, որ այս տարի աստղադիտարանի բյուջեն 200 միլիոն դրամ էր` 2012 թվականի 185 միլիոնի փոխարեն:
Ամփոփման զեկույցով հանդես եկավ Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նա լրագրողների հետ զրույցում նույնպես փաստեց, որ աստագիտության համար ևս տարին բեղմնավոր էր և իրադարձություններով հարուստ: 2013 թվականի աստղագիտական կարևոր իրադարձություններից մեկն էլ այն էր, որ Գիտությունների ակադեմիայոմ անցկացվել է Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական ընկերության պաշտոնական գիտաժողովը:
Միքայելյանի խոսքով, հիշարժան է, որ Բյուրականում մեկնարկել են հայ-ռուսական ծրագրերի աշխատանքները, ինչի շնորհիվ կվերանորոգվեն աստղադիտարանի փոքր դիտակները, հիմնվել է «երանորոգվեն աստղադիտարանի փոքրիՌելյառիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի» հայկական գրասենյակը:
Բյուրականի աստղադիտարանը միացավ Համաշխարհային տվյալների շտեմարանին, ինչն աստղադիտարանին թույլ կտա ավելի սերտորեն ինտեգրվել միջազգային գիտությանը:
«Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը ակտիվորեն չի մասնակցում միջազգային գիտական նախագծերին: Մինչդեռ բազմաթվ օրինակներ վկայում են այն մասին, որ անգամ Հայաստանում անհատները կարող են լուրջ հաջողությունների հասնել` նման նախագծերին մասնակցելով»,- նշեց Միքայելյանը:
Նա, որպես ոլորտի թերություն, մատնանշեց նաև ոչ բավարար ֆինանսավորումը, ինչպես նաև մասնագիտացած լրագրողների պակասը:
Միջոցառման ավարտին «Հայկական աստղագիտական ընկերությունը» Հայկ Աբրահամյանին և Ավետ Հարությունյանին հանձնեց Երվանդ Թերզյանի անվան ամենամյա մրցանակը: «Գալիլեյան ուսուցիչ» միջազգային վկարագիր հանձնվեց Ռոբերտ Սարգսյանին, ինչպես նաև լրագրողներին հանձնվեցին շնորհակալագրեր 2013 թվականի ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցանակի արժանացավ նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը: