Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Սևծովյան ավազանի երկրների պատվիրակները Հայաստանում մշակում են էներգախնայողության համատեղ ծրագիր

Սևծովյան ավազանի երկրների պատվիրակները Հայաստանում մշակում են 
էներգախնայողության համատեղ ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էներգախնայողության ոլորտում Սևծովյան ավազանի երկրները կկիսվեն իրենց փորձով՝ մշակելով համատեղ գործողությունների ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։ Նրա խոսքով՝ սա աշխատանքային հերթական քննարկումն է, որն իրականացվում է ծրագրի մշակման այս փուլում։

«Ծրագրի շրջանակում կազմակերպվել է 2 հանդիպում Թուրքիայում և Ռումինիայում: Երրորդ կարևորագույն աշխատանքային հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում: Այստեղ է ժամանել 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Հայաստանից միջոցառմանը հրավիրված են պետական այրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանկային ոլորտի մասնագետներ, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Քննարկումներին ներկա են Հունաստանից, Մոլդովայից, Թուրքիայից և Ուկրաինայից ժամանած մասնագետներ, ովքեր կներկայացնեն իրենց երկրների փորձը այս բնագավառում։ Սա հերթական քայլն է այս համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբայանը։

Թուրքիայի ներկայացուցիչ Լեյլա Ուստեր Չակատայը նշեց, որ  վերջին տարիներին Թուրքիան առաջընթաց է գրանցել էներգախնայողության բարձրացման առումով։ «Այստեղ կփորձենք կիսվել մեր փորձով այլ պետությունների ներկայացուցիչների հետ։ Լինելով կիսով չափ թուրք և կիսով չափ հույն` մտահոգված եմ երկու պետություններում էլ էներգախնայողության ծրագրերի ներդրմամբ։ Շատ կարևոր է այս բնագավառում համագործակցությունը, երբ բոլոր պետություններից ներկայացուցիչները միասին սկսում են մշակել ծրագրեր իրենց երկրներում կիրառելու համար։ Քանի որ էներգետիկ խնդիրը այսօր շատ պետությունների համար առաջնային է, մենք փորձում են լուծումներ գտնել միասին։ Նախորդ հանդիպումներում արդեն որոշակի հարցեր քննարկել ենք՝ կապված մեր երկրներում էներգախնայողության հնարավոր եղանակների հետ։ Այսօր շարունակվում են այդ քննարկումները»,- ասաց Չակատայը։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է Սևծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագիր: Ծրագրի գլոբալ նպատակն է ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով խթանել անդրսահմանային համագործակցությունը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վարչական կարողությունները տեղական իշխանությունների շատ կարևոր հատվածներում (մասնավորապես՝ Էներգախնայողություն շենքերում), որոնք տեղական եւ գլոբալ մակարդակով ունեն խոշոր բնապահպանական եւ տնտեսական ազդեցություն, ինչպես նաև բարելավել շենքերի էներգախնայողության համակարգը և ապահովել էներգետիկ ոլորտի գիտելիքների և փորձի փոխանակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am