Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քաղաքական ամբիոնը պետք է օգտագործել քաղաքական հարցերի համար. Ռուբեն Հակոբյանը` Զարուհի Փոստանջյանի հարցի մասին

Քաղաքական ամբիոնը պետք է օգտագործել քաղաքական հարցերի համար. 
Ռուբեն Հակոբյանը` Զարուհի Փոստանջյանի հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» խմբակցությունն Ազգային ժողովի քառօրյաները եռօրյա դարձնելու առաջարկ կներկայացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Այն պատգամավորները, ովքեր խորհրդարանում իսկապես աշխատում են, շատ են հոգնում, և նրանց համար դժվար է հինգշաբթի օրերին աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա՝ ընդգծելով, թե դա է պատճառը, որ հինգշաբթի օրերին նիստերի դահլիճը հիմնականում դատարկ է լինում:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու Հովիկ Աբրահամյանի որոշմանը՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԱԺ նախագահն այդ հարցը քննարկել է խմբակցության ղեկավարների հետ: «Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը պետք է ասեր նաև, թե որ խմբակցության ղեկավարն ինչ տեսակետ է հայտնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը դեմ է արտահայտվել այդ հայտարարությանը՝ առաջարկելով սպասել Զարուհի Փոստանջյանի վերադարձին:

Նա նշեց, որ իրենք խմբակցությունում քննարկելու են Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը: «Հարցը քննարկելուց և մանրամասներին ծանոթանալուց հետո մենք հանդես կգանք մեր գնահատկաններով»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում քաղաքական ամբիոնը պետք է օգտագործվի քաղաքական հարցերի համար:

Անդրադառնալով ավարտված քառօրյայի ընթացքում խորհրդարանի աշխատանքին` նա նշեց, որ քառօրյան լարված էր, քանի որ շատ կարևոր հարցեր էին դրված քննարկման: «Մենք քննարկում էինք գլխավոր դատախազի նշանակման հարցը, ինչպես նաև համաներումը»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի անձն իրենց համար ընդունելի է, սակայն մեկ անհատով համակարգը փոխել հնարավոր չի լինի: «Մենք պետք է բոլորս ջանքեր գործադրենք երկրում դատաիրավական համակարգը փոխելու համար, որովհետև մեկ անձին դա չի հաջողվի անել, որքան էլ նա պրոֆեսիոնալ և սկզբունքային լինի»,- ասաց Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Գևորգ Կոստանյանը Գորիսի միջադեպի հետ կապված դեպքերի մասին մանրամասն ինֆորմացիա կփոխանցի հասարակությանը՝ ապահովելով իր աշխատանքի թափանցիկությունը:

Ռուբեն Հակոբյանը կարևորեց համաներման մասին որոշման ընդունումը՝ հույս հայտնելով, որ համաներման գործընթացը կիրականացվի թափանցիկության պայմաններում:

Ազգային ժողովի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քառօրյայի ընթացքում խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց Գևորգ Կոստանյանի թեկնածությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Մեկ այլ քվեարկությամբ Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Իսկ Ազգային ժողովի` ԵԽԽՎ պատվիրակներից Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում ՀՀ Նախագահին ոչ պատշաճ հարց ուղղեց, որը բուռն քննադատության արժանացավ քաղաքական շրջանակների կողմից ու պատճառ հանդիսացավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշի փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am