Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իր ուսանողների համար կիրականացնի մի շարք սոցիալական ծրագրեր

Նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իր ուսանողների համար կիրականացնի մի 
շարք սոցիալական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարվանից իր ուսանողների համար կսկսի մի շարք սոցիալական ծրագրերի իրագործումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մի քանի ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի նպատակը լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին իրենց կրթության իրավունքն  իրացնելու հնարավորության ընձեռումն է:

Խնդիրների այս համալիրն այսօր քննարկվել է ՀՊՏՀ ռեկտորատի նիստում՝ այդպիսով հավանության արժանացնելով այս ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունված ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու, նրանց խիստ մատչելի գներով հանրակացարանով ապահովելու, նվազագույն գներով համալսարանի ճաշարանի սպասարկումն իրականացնելու մասին հարցերը:

Այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված լավ սովորող (4- շեմից սկսած) ուսանողները կստանան ամսական կրթաթոշակներ, որոնք կտրվեն երկրորդ կիսամյակից, սակայն ամբողջ տարվա համար՝ փոխհատուցելով նաև առաջին կիսամյակի ամիսները: Սահմանվել է 5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ: Ռեկտորատի նիստում հավանության արժանացած նախագիծը շուտով կներկայացվի ՀՊՏՀ գիտխորհրդին: «Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք: Այսպիսով մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծում, այլև խրախուսում լավ սովորողին»,- հայտարարել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ խնդիրը հնարավորինս լավ կազմակերպելու համար հանձնարարականներ տալով ռեկտորատի անդամներին:  Նա նաև ընդգծել է, որ կրթաթոշակների այս կարգը գործողության մեջ է դրվելու, միաժամանակ պահպանվելու է ուսման վարձերի զեղչման նախկին համակարգը:

Ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հաջորդ քայլը նրանց մատչելի գներով հանրակացարանով ապահովելու ծրագիրն է: Բուհը նորոգված և նոր կահավորված հանրակացարանով է պատրաստվում ընդունել իր բոլոր ուսանողներին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակելու է գործի դնել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված նորանոր միջոցներ: Այս ամենը վավերացնող փաստաթղթերն ու կանոնակարգերը ամբողջությամբ համալսարանը կհրապարակի առաջիկայում, իսկ նոր ուսումնական տարվա հենց առաջին օրերին բուհի ղեկավարությունն ուսանողներին դրանք կներկայացնի ամենայն մանրամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am