1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանցի գիտնականները չեն մասնակցել հակահայկան կազմակերպությունների կողմից հովանավորված գիտաժողովին

Հայաստանցի գիտնականները չեն մասնակցել հակահայկան 
կազմակերպությունների կողմից հովանավորված գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գիտնականները նպատակահարմար չեն գտել մասնակցել թուրքական և ադրբեջանական հակահայկան կազմակերպությունների կողմից հովանավորված գիտաժողովին: Պատճառն ավելի վաղ ուղարկված հրավերի ու գիտաժողովի ձեւաչափի անհամապատասխանությունն է:  

Յուտայի համալսարանի թուրքագիտության ծրագրի չորրորդ գիտաժողովը բացվել է հունիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Դրան հրավիրված են եղել 10-15 հայ գիտանականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հրավիրված, սակայն գիտաժողովին չմասնակցող ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանը, հայաստանցի գիտնականները հրաժարվել են մասնակցել ակնհայտորեն հակահայկական, քաղաքականացված և գիտական-ակադեմիական չափանիշներին չհամապատասխանող գիտաժողովին` նախընտրելով ավելի արդյունավետ օգտագործել ժամանակը: Այժմյան տվյալների համաձայն` գիտաժողովին Հայաստանից մասնակցում է միայն Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Սարուխանյանի կարծիքով` գիտաժողովն ակնհայտորեն քաղաքական ուղղորդվածություն ունի, ավելին` ներակայացվելիք մի շարք աշխատանքներ չեն համապատասխանում գիտական քննարկումների չափանիշներին: «Աշխատանքներ են ներկայացվել 1918 թվականին հայերի կողմից իբր ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին, այնինչ` մարդկության պատմության մեջ արձանագրված չէ նման փաստ»,- նշել է գիտնականը:

Նրա մեկնաբանմամբ` 2004 թվականից ի վեր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած որոշ գիտական շրջանակներ հանդես են եկել ցեղասպանության գիտական և նոր լույսի ներքո ուսումնասիրության առաջարկությամբ: Նման առաջարկություն է արել նաև գիտաժողովի կազմակերպիչներից պրոֆեսոր Հաքան Յավուզը` 2012 թվականի նոյեմբերին: «Այսինքն` ի սկզբանե նախատեսված էր, որ քննարկումները քաղաքական կամ պրոպագանդիստական նպատակներ չեն հետապնդի, այլ զուտ գիտական քննարկումներ են լինելու, սակայն, ըստ էության, այս օրերին հրավիրված գիտաժողովը շեղվել է ի սկզբանե դրված նպատակից»,- պարզաբանել է Սարուխանյանը: 

Եթե քննարկումները գնային գիտական հարթության վրա ու հավատարիմ լինեին նախաձեռնության հիմքում ընկած նպատակին, ապա, Սարուխանյանի դիտարկմամբ, որևէ խոսք անգամ լինել չէր կարող ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական կողմից ֆինանսավորման վերաբերյալ: Առաջարկությունից երկու-երեք ամիս անց դեռևս Սարուխանյանը որևէ տեղեկություն չի ստացել գիտաժողովի մասնակիցների ու ներկայացվող ծրագրի վերաբերյալ` չնայած մի քանի անգամ պահանջել է կազմակերպիչներից իրեն ուղարկել գիտաժողովի ծրագիրը: Թուրքական կողմի խուսանավումներից պարզ է դարձել, որ կազմակերպվածն ունենալու է հակահայկական ուղղվածություն, ուստի գիտնականը վճռել է չմասնակցել թուրքական «հերթական խաղերին»:

Սարուխանյանը նաև նշեց նման գիտաժողովների վտանգավորության մասին` ընդգծելով, որ դրանց հրավիրվում են հիմնականում երիտասարդ գիտնականները: Նա դա պայմանավորեց երեք հանգամանքներով, առաջին` տարեց գիտնականները շատ ավելի պահպանողական մոտեցում ունեն պատմության նկատմամբ և դժվար է նրանց ներգրավել նման քննարկումների: Երկրորդ գործոնը օտար լեզվի տիրապետելու խնդիրն է, որի հետևանքով ավագ սերնդի հայ գիտնականները հնարավորություն չեն ունենում մասնակցել միջազգային գիտաժողովներին: Եվ երրորդ` դա արվում է միտումնավոր, քանզի երիտասարդ գիտնականները բավական փորձ չեն ունենում պատշաճորեն հակափաստարկներ ներկայացնելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելով` պաշտպանելու իրենց փաստարկները:

Սարուխանայանը նշեց միջազգային մակարդակի գիտաժողովների, քննարկումների անհրաժեշտութունը` ընդգծելով, սակայն, որ դրանք պետք է իրականանան հայկական կողմի նախաձեռնությամբ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի առաջին կեսի պատմական իրադարձություններին վերաբերող կոնֆերանսները, որոնք կազմակերպվում են թուրք և ադրբեջանցի գիտնականների կողմից, Հայաստանի և հայ պատմաբանների համար մի անընդունելի բանի հետ են կապվում: «Բանն այն է, որ հաճախ փորձ է արվում ներքաշել այնպիսի քննարկումների մեջ, որոնք կապվում են հարցի հետ` արդյոք եղել է, թե չի եղել Հայոց ցեղասպանությունը, իսկ դա, փաստորեն, ջուր է լցնում Հայոց ցեղասպանությունը ժխտողների ջրաղացին: Ես դա անընդունելի եմ համարում»,-ասաց Սաֆրաստյանը` շեշտելով, որ ինքն անձամբ չի մասնակցում նման կոնֆերանսների:

«Կովկասը կայսրության մայրամուտին. ազգայնականություն և ազգային պետության կառուցում (1870-1920 թվականներ)» խորագիրը կրող գիտաժողովը ֆինանսավորվում է ԱՄՆ-ում գործող Հայոց ցեղասպանության ժխտումը խթանող ամենաակտիվ կազմակերպություններից Ամերիկայի թուրքական կոալիցիայի (TCA), Թուրքիայի համագործակցության և զարգացման գործակալության (TIKA), Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ադրբեջանի ակադեմիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Հասան Կալյոնչու համալսարանի և Մեհմեթ Արիսանի կողմից:

Հակակահայկական կազմակերպությունների կողմից հովանավորվող գիտաժողովին հայաստանցի գիտնականների չմասնակցելու վերաբերյալ տեղեկատվության թերի լինելը հիմք է հանդիսացել, որ սփյուռքի հայկական լրատվամիջոցները զարմանք և մտահոգություն հայտնեն: «Ասպարեզ» պարբերականը նկատում է, որ «ցավալիորեն, նման գիտաժողովների ակտիվ մասնակցություն են ունենում երիտասարդ գիտնականները, որոնք կարծում են թե իրենց մասնակցությամբ կարող են ներկայացնել եւ ամրապնդել Հայաստանի դիրքորոշումը, այնինչ իրականում, նպաստում են Թուրքիայի տասնամյակներ տևող ժխտողական քաղաքականությանը»:

Գործակալությունը տեղեկություններ ունի, որ գիտաժողովի կազմակերպիչ թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզը 2012 թվականի աշնանը Հայաստան կատարած այցի շրջանակներում որոշ հանդիպումներ է ունեցել գիտնականների ու տարբեր բուհերի դասախոսների ու ուսանողների հետ: «Արմենպրես»-ը շարունակելու է հարցի ուսումնասիրությունը և մասնակցության վերաբերյալ խնդրելու է Արա Պապյանի մեկնաբանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]