Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել հորդանանասիրիական սահմանի մոտ գտնվող քաղաքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հորդանանասիրիական սահմանի մոտակայքում գտնվող Թել Շեհաբ քաղաքում բավական երկար ժամանակ պայքարից հետո կարողացել է վերահսկողություն սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Թել Շեհաբը տրանզիտային կետ է համարվում Սիրիայից Հորդանան անցնող փախստականների համար: ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն` Հորդանանում ներկա դրությամբ ավելի քան 70 հազար փախստականներ կան Սիրիայից:
Թել Շեհաբում վերահսկողություն սահմանվել է հարյուրավոր զինորների մասնակցությամբ, նաեւ օգտագործվել է 20 տանկ: Թեպետ զինյալները համառ պայքար են մղել, այնուամենայնիվ, նրանց չի հաջողվել հաջողության հասնել:
Սիրիայի զինված ուժերը շարունակում են բախումները նաեւ Հալեպի որոշ թաղամասերում, Համայի եւ Հոմսի շրջաններում, ինչպես նաեւ Դամասկոսի արվարձաններում:
Սիրիայի ազատ բանակի ղեկավար գեներալ Մուստաֆա աշ Շեյխը «Ալ Արաբիա» հեռուստատեսությամբ նշել է, որ Սիրիայի ներսում ազատ բանակը միասնական է եւ ուժեղ, ապա ավելացրել, որ Ասադի իշխանությունը կտապալվի 2-4 ամսվա ընթացքում, եթե ազատ բանակն ավելի կազմակերպված գործի եւ սիրիական կանոնավոր բանակի շարքերը նոսրանան:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի հայեր: