ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանի խաղաղարար առաքելությանը. Անդերս ֆոգ Ռասմուսեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն բարձր է գնահատումԱֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում Հայաստանի զինուժի մասնակցությունը: Այս մասին հայտարարեցՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Անցած տարի դուք գրեթե կրկնապատկեցիք ձեր մասնակցությունն առաքելությունում: Ձեր զորքերը շատ լուրջ եւ կարեւոր ներդրում են կատարում, եւ նրանց պրոֆեսիոնալիզմը գնահատելի է»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ առաքելությունում մասնակցությունը կարեւոր է սեփական խաղաղապահ ունակությունները զարգացնելու համար:
Սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:
2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:
Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչների ծառայելու համար: