Սիրիայի զինված ուժերը մեծ թվով զինյալներ են ոչնչացրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերում հետապնդել զինված խմբավորումների` մեծ վնասներ հասցնելով նրանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումները հիմնականում ընթանում են Հալաք, Շեյխ Սայիդ, Նիրաբ, Բուսթան ալ Կասր, Հանանու թաղամասերում, որտեղ զինյալները զգալի կորուստներ են կրել, ոչնչացվել են նրանց մեքենաները:
Հալեպի Քալասա թաղամասի դպրոցում զինված ուժերը հայտնաբերել են զինյալների զինապահոցը: Սեյդ Ալի փողոցից մինչեւ Կասր ալ Ուալի փողոց ընկած տարածքը, այդ թվում` շուկան եւ Հուզեյֆա մզկիթը մաքրվել են զինյալներից:Զինյալների հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Հոմսի շրջանում, մասնավորապես` Բաբ աս Սիբաա եւ Բաբ աթ Թուրքմանի շրջաններում, որտեղ զինված խմբավորումներ են ոչնչացվել:
Հոմսի շրջանի Կսեյր քաղաքում զինվորական ստորաբաժանումները տեղի բնակիչների օգնությամբ հայտնաբերել են զինյալների թաքստոցները: Հարձակվելով թաքստոցի վրա` մեծ թվով զինյալներ են սպանվել: Բախումները շարունակվել են նաեւ Ղասանիա գյուղում, որտեղ զինյալները 17 մարդ են առեւանգել, կան նաեւ զոհեր:Մինչ սիրիական գործակալությունը տեղեկացնում է զինյալների մեծ կորսուտների մասին` «Ալ Ջազիրան» իր հերթին հաղորդում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում 172 մարդ է զոհվել, այդ թվում` 30 երեխաներ: Զոհվածները մեծ մասամբ Հալեպ քաղաքից են: Բախումներ են տեղի ունեցել նաեւ սիրիա-հորդանանայան սահմանի մոտակայքում, որտեղ մեծ թվով փախստականներ են սպանվել:
Սիրիայի ազատ բանակի ղեկավար գեներալ Մուստաֆա աշ Շեյխը «Ալ Արաբիա» հեռուստատեսությամբ նշել է, որ Սիրիայի ներսում ազատ բանակը միասնական է եւ ուժեղ, ապա ավելացրել, որ Ասադի իշխանությունը կտապալվի 2-4 ամսվա ընթացքում, եթե ազատ բանակն ավելի կազմակերպված գործի եւ սիրիական կանոնավոր բանակի շարքերը նոսրանան:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի հայեր: